Չնայած «սպառվել» տերմինը օգտագործվում է խոսակցական լեզվում՝ նկարագրելու համար աշխատավայրում սթրեսի հետեւանքները, այն վերաբերում է հենց երկարատեւ հյուծմանը, որն առաջ է գալիս աշխատանքում առկա անընդմեջ սթրեսներից։ Որոշ մասնագիտություններ, օրինակ՝ առողջապահության ոլորտում, արդեն պայքարում են դրա դեմ, իսկ համավարակը խորացրել է այդ երեւույթը, գրել է USA Today-ը։
2019թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «սպառվելն» ավելացրել է Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ։ Սպառվելը բնութագրվում է որպես աշխատավայրում քրոնիկական սթրեսի ախտանշան։
Բայց եւ այնպես, դա բժշկական հիվանդություն է, որը կարող է բավական բացասական հետեւանքներ ունենալ։
Սթրեսի բարձր մակարդակը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը եւ կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների (դեպրեսիա, տագնապ)։
Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Նեդա Գուլդի խոսքով՝ կարող է այս դեպքերում օգտակար լինել խնամքը սեփական անձի նկատմամբ։
Բայց իրականում սպառվելը խնդիր է, որը չի կարող լուծվել միայն մարդու ուժերով։ Անհրաժեշտ է պայքարել սթրեսի պատճառի դեմ։
Գիտնականների խոսքով՝ դժվար է որոշել՝ մարդն աշխատավայրում սպառվել է սթրեսի՞ց, թե՞ կլինիկական դեպրեսիա ունի, ասել է Գուլդը։ Դրանք տարբերելու միակ միջոցը կարող է լինել սթրեսային աշխատանքի հետ կապված ախտանշաններին հետեւելու հնարավորությունը։
«Երբ ինձ մոտ նման ախտանշաններով մարդիկ են գալիս, դրանք հաճախ այնքան նման են լինում դեպրեսիային, որ ես օգտագործում եմ նույն մեխանիզմներն ու ստրատեգիաները։ Բայց միակ բանը, որ ես կարող եմ ավելացնել բուժմանը, օգնելն է մարդուն՝ հասկանալ, որ նա պատասխանատվություն չի կրում ինստիտուցիոնալ խնդիրներին իր արձագանքի համար»,- ընդգծել է պրոֆեսորը։