Հայաստանում սեռավարակների տարածվածության մասին հստակ վիճակագրական տվյալներ չկան, սակայն շատ մասնագետներ պնդում են, որ դրանց թիվն ու տարածվածության մակարդակը երկրում աճել է: Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանի կարծիքով, իրականում ոչ միայն սեռավարակների թիվն է աճել, այլեւ դրանց հայտնաբերման մեթոդներն են կատարելագործվել, ինչի հետեւանքով այսօր, նախկինի համեմատ, ավելի մեծ թվով հիվանդության դեպքեր են բացահայտվում:

Ո՞ր սեռավարակներն ու առողջական խնդիրներն են առավել տարածված Հայաստանում:

Բորբոքային խնդիրներ

Սեւադա Հակոբյանի խոսքով, այսօր առավել լայն տարածում բորբոքային խնդիրներն ունեն, որոնք սխալ բուժման եւ ոչ հետեւողական վերաբերմունքի պատճառով կարող են այլ սեռական խնդիրների առաջացման պատճառ դառմալ: Մասնավորապես, եթե հիվանդը, բարդության կլինիկական պատկերի բարելավում տեսնելով, ընդհատում է բուժումը, մանրէները կարող են դեղորայքակայուն դառնալ, բորբոքումը՝ խորանալ եւ հետագայում անպտղության խնդիրներ առաջացնել:

Անպտղություն

Անպտղության խնդիրը նույնպես բավական տարածված է երկրում՝ թե կանանց, եւ թե տղամարդկանց մոտ: Սեքսապաթոլոգի խոսքով, որոշ դեպքերում ամպտղությունը կարող է հենց չբուժված քրոնիկ բորբոքային հիվանդության արդյունքը լինել: Հիշեցնենք նաեւ, որ կանանց մոտ երկրորդային անպտղության պատճառ կարող է աբորտը դառնալ:

Սեռավարակներ

Սեռավարակներից, Սեւադա Հակոբյանի խոսքով, Հայաստանում այս պահին տարածված են խլամիդիոզը, ուրեապլազմոսը, տրիխոմոնոզը եւ գոնորեան: Քիչ չէն նաեւ հերպետիկ, ցիտոմեգալովիրուսային եւ տոքսոպլազմոսային վարակները:

Սեքսապաթոլոգի խոսքով՝ սեռական խնդիրներն ու սեռավարակները առավել հաճախ ակտիվ սեռական կյանքով ապրող մարդկանց մոտ են հանդիպում ՝ հիմնականում 20-40 տարիքային խմբում: