Կանադայի McMaster համալսարանի հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են վարակիչ հիվանդությունների փոխանցման դինամիկան, վերլուծել են բնակչության մակարդակով դիմակներ կրելու հնարավոր էական եւ ոչ ակնհայտ առավելության հետեւանքները, գրում է News Medical Life Science-ը:
Իրենց հետազոտության շրջանակներում գիտնականները COVID-19-ի «վարիոլացիա»-ն ուսումնասիրելու մոդել են մշակել՝ իմունիզացման պատահական, բայց պոտենցիալ օգտակար ձեւ, որը ձեռք է բերվում վիրուսի ավելի փոքր չափերի ներշնչմամբ, քան՝ առանց դիմակի ներշնչման դեպքում:
Վարիոլյացիայի ձեւը միտումնավոր կիրառվել է 18-րդ դարում՝ ջրծաղիկի դեմ պայքարելու համար։ Այն կայանում էր առողջ մարդուն ջրծաղիկով վարակված մարդու կենդանի վիրուսի փոքր չափաբաժինով վարակման մեջ: Վարիոլացիայով վարակված մարդիկ հաճախ շատ ավելի քիչ էին հիվանդանում, քան բնական ճանապարհով վարակվածները, բայց, այնուամենայնիվ, նրանց մոտ հետագա վարակի նկատմամբ իմունիտետ զարգանում էր:
COVID-19 համավարակի բռնկման սկզբում ենթադրություն էր հնչեցվել, որ դիմակով վարակված մարդիկ կարող են հիվանդությունը թեթեւ տանել եւ «վարիոլացված» համարվել:
Նոր մաթեմատիկական մոդելը թույլ է տալիս հետազոտողներին գնահատել այդ էֆեկտի հնարավոր ազդեցությունն ընդհանուր բնակչության վրա:
«Մեր որակական հետեւությունները վկայում են այն մասին, որ դիմակների կարեւորությունը թերագնահատված է հանրային առողջության համատեքստում, հատկապես, երբ COVID-19-ը պանդեմիայից էնդեմիայի անցում է կատարում, եւ մենք պետք է երկու անգամ մտածենք դիմակ կրելու պարտադիր պահանջից հրաժարվելուց առաջ», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Զաքարի Լեւինը:
«Այժմ, երբ մենք պատրաստվում ենք հաջորդ համաճարակին, հասկանալը, թե ինչպես վարակի վերահսկման տարբեր ռազմավարությունները կարող են ազդել հիվանդության դինամիկայի վրա, կօգնի մեզ հասկանալ, թե ինչ ռազմավարություն պետք է կիրառել»,- հավելել է նա:






