Քնի պակասը կարող է մարդու ընդհանուր առողջության վրա միանգամայն նշանակալի ազդեցություն թողնել. այս մասին բազմաթիվ նախընթաց հետազոտությունների արդյունքներն են վկայում: Խոսքը, մասնավորապես, հիշողության կորստին, կյանքի ցածր որակին, թույլ կատարողականությանն ու զգոնության պակասին է վերաբերում: Էլ չխոսենք արյան բարձր ճնշման, սթրեսի, ուշադրության պակասի համախտանիշի, դեպրեսիայի եւ նույնիսկ ճարպակալման առաջացման բարձր ռիսկերի մասին:
Դրան էլ գումարած՝ վերջերս Օքսֆորդի համալսարանականները նոր հետազոտություն են նախաձեռնել՝ պարզելու համար, թե քնի պակասը ուղեղի չափերի վրա ինչպիսի ազդեցություն կարող է թողնել: 20-84 տարեկան 147 մասնակիցների շրջանում իրականացված փորձարկումների արդյունքում, մասնավորապես, հաստատվել է այն հիպոթեզը, որ քնի խանգարումները կարող են «ուղեղի ծավալի շեշտակի կրճատման հանգեցնել»: Կամավորները մագնիսառեզոնանսային պատկերման են ենթարկվել՝ փորձարկման մեկնարկին եւ ավարտին եւ հարցաշար լրացրել՝ իրենց քնի որակի մասին: Մասնավորապես, գիտնականներին հետաքրքրել է այն հանգամանքը, թե արդյոք նրանք հեշտությամբ են քուն մտնում եւ մինչ առավոտ՝ առանց դադարի՝ անփոփոխ տեւողությամբ քնում: Հավաքագրված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մասնակիցների շուրջ 35 տոկոսի մոտ քնի ցածր որակի հետ կապված խնդիրներ են նկատվում, հաղորդում է Medical Daily-ն:
Այդուհանդերձ, գիտնականները վստահ չեն, որ քնի պակասն ուղղակիորեն է ուղեղի չափերի փոքրացման հանգեցնում, քանի որ ենթադրվող կապը կարող է ոչ թե պատճառահետեւանքային, այլ՝ կորելյացիոն լինել: Սակայն, հետազոտության արդյունքների վրա հիմնվելով, միանշանակ կարելի է փաստել որ քնի ցածր որակի ազդեցությամբ ուղեղի չափերի փոփոխությունն առավելապես 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ է նկատվում:
«Քնի հետ կապված խնդիրների բուժման արդյունավետ միջոցներ այսօր էլ գոյություն ունեն, ուստի անհրաժեշտ է հետագա հետազոտություններ իրականացնել՝ պարզելու համար, թե արդյոք դրանց օգնությամբ կարելի է ուղեղի ծավալների կրճատման տեմպերի դանդաղեցման հասնել: Դրական պատասխանի պարագայում կարող ենք վստահաբար ասել, որ քնի որակի բարելավումը ուղեղի առողջության բարելավման կարեւորագույն միջոց է հանդիսանում», - նշել է հետազոտության հեղինակ Քլեր Սեքստոնը:
Բացի այդ, վերջերս՝ Փենսիլվանիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված՝ մեկ այլ հետազոտությամբ ապացուցվել էր, որ քնի քրոնիկ անբավարարության ազդեցությամբ ուղեղը նեյրոններ կորցնելու միտում է դրսեւորում:
«Մինչ այժմ ենթադրություն կար, թե քնի պակասի վերականգնումը կարող է ուղեղի առողջության լիարժեք վերականգնման հանգեցնել: Սակայն վերջերս մարդկանց նկատմամբ իրականացված մի շարք փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ հիշյալ պակասը լրացնելու նպատակով՝ նույնիսկ երեք օր անդադար քնելու դեպքում հնարավոր չէ որոշ կոգնիտիվ կարողությունների, մասնավորապես՝ ուշադրության մակարդակի վերականգնման հասնել: Ասել է, թե՝ քրոնիկ անբավարար քունը ուղեղին երկարաժամկետ վնաս պատճառելու հատկությամբ է աչքի ընկնում: Մենք փորձում ենք հասկանալ, թե դրա ազդեցությամբ հատկապես որ նեյրոններն են կրճատվում, եւ արդյոք գործընթացն անդառնալի է», - մեկնաբանել է Յուպենի համալսարանին կից Պերելմանի բժշկական կենտրոնը ներկայացնող գիտնականների նախաձեռնությամբ իրականացվող եւս հետազոտության հեղինակ դոկտոր Սիգրիդ Վիսին:






