Պանրի չարաշահումը կարող է վտանգավոր լինել հիպերտոնիայով, երիկամների հիվանդություններով կամ միգրենով տառապող մարդկանց համար։ Այս մասին վերջին շրջանում ակտիվորեն խոսում է փորձագետների մեծ մասը։ Սննդաբան Դարյա Ռուսակովան պատմել է, թե էլի որ մթերքներն են ոչ պակաս վտանգավոր թվարկված հիվանդություններով տառապող մարդկանց համար, գրում է «Народные Новости»-ն։

Մասնագետի խոսքով՝ ինչպես պանիրները, այնպես էլ երշիկեղենը կարող են մեծ վնաս հասցնել առողջությանը, քանի որ աղի եւ ճարպի մեծ խտություն են պարունակում։

«Սա կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի զգալի պահպանման, ինչը աթերոսկլերոզի առաջացման պատճառ կարող է դառնալ: Ըստ այդմ, այս ամենը կխորացնի անոթային խանգարումները, եթե այդպիսիք կան»,- պարզաբանել է Ռուսակովան:

Այն մթերքների թվում, որոնք կարող են վատթարացնել հիպերտոնիայով եւ երիկամների հիվանդություններով տառապող մարդկանց առողջությունը, սննդաբանը նշել է նաեւ արագ սննդի տարբեր տեսակները։

«Արագ պատրաստվող սննդի մթերքների մեջ, որպես կանոն, մեծ քանակությամբ կերակրի աղ են ավելացնում։ Դա արվում է, որպեսզի սպառողն ավելի շատ ըմպելիքներ գնի։ Ի վերջո, շատ աղի ուտեստների վրայից դուք ցանկանում եք մեծ քանակությամբ ջուր խմել: Բայց այս ամենը կրկին հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի եւ երիկամների աշխատանքի վրա։ Բացի այդ, այս գործոնների համադրությունը կարող է ոչ միայն զարկերակային, այլեւ ներգանգային ճնշման բարձրացում առաջացնել»,- մանրամասնել է բժիշկը։

Հենց դա, նրա խոսքով, հանգեցնում է միգրենի զարգացման եւ քնի խանգարման։ Սննդաբանը նաեւ խորհուրդ է տվել սննդակարգից բացառել ոչ միայն շատ աղի, այլեւ յուղոտ ու քաղցր ուտելիքները, հատկապես շատ կոնսերվանտներով։ Բանն այն է, որ այս մթերքները կհանգեցնեն նաեւ ենթամաշկային հեղուկի կուտակման, ինչը կատալիզատոր կդառնա օրգանիզմի վերը նշված բարդությունների զարգացման համար։