Իդեալիստների պատկերացմամբ՝ աշխարհի բոլոր բնակիչները՝ անկախ բնորոշիչներից, պետք է առողջապահության նույնպիսի որակով ապահովված լինեն: Սակայն, դժբախտաբար, մարդ արարածը դեռեւս իդեալական աշխարհում չի ապրում, եւ բոլորս էլ գիտենք, որ, որոշ գործոնների, այդ թվում՝ ռասայական պատկանելության կամ սոցիալ-տնտեսակայն դիրքի ազդեցությամբ, մարդու առողջական վիճակը եւ նրան առաջարկվող առողջապահական ծառայությունների որակը կարող են տարբեր լինել: Բոլորովին վերջերս՝ RAND կորպորացիայի, Քեմբրիջի համալսարանի եւ Բոստոնի մանկական հիվանդանոցի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության հեղինակները փորձել են հիշյալ տեսանկյունից նույնասեռականների եւ երկսեռականների նկատմամբ՝ առողջապահական ոլորտում դրսեւորվող նախապաշարմունքի ազդեցությունը պարզել, հաղորդում է Medical Daily-ն:

Ուսումնասիրության արդյունքներն այն մասին են վկայում, որ Անգլիայի նույնասեռական եւ երկսեռական բնակիչները հաճախ են անբավարար առողջապահական ծառայությունների բախվում եւ, հետերոսեռական համերկրացիների հետ համեմատությամբ, առավել նկատելի առողջական խնդիրներ ունեն: Շուրջ 27000 նույնասեռական եւ երկսեռական կանանց ու տղամարդկանց շրջանում կազմակերպված հարցախույցի արդյունքները, մասնավորապես, այն մասին են վկայում, որ վերջիններս հատկապես մտավոր առողջության տեսանկյունից են խոցելի: Ինչ վերաբերում է ընդհանուր առողջական վիճակին, ապա այն հարցախույզի ենթարկված լեզբուհիների՝ 25 եւ երկսեռական կանանց 31 տոկոսի կողմից բավարար կամ թույլ է գնահատվել: Հետերոսեռական կանանց պարագայում ցուցանիշը 21 տոկոս է կազմել:  Ինչ վերաբերում է նույնասեռական եւ երկսեռական տղամարդկանց, ապա նրանց համապատասխանաբար 22 եւ 26 տոկոսն է թույլ առողջությունից դժգոհել՝ ի տարբերություն հետերոսեռականների, որոնց պարագայում ցուցանիշը 20 տոկոս է կազմել: Այդուհանդերձ, ամենամտահոգիչ ցուցանիշները առողջապահական հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների որակին են վերաբերում: Հարվածների մեծամասնությունն այն թույլ եւ անարժանահավատ են գնահատել եւ ընդհանուր դժգոհություն հայտնել, ինչի արդյունքում սեռական փոքրամասնությունները ներկայացնող բնակիչների շրջանում առավել հաճախ են հոգեկան բնույթի խանգարումներ, ինչպես նաեւ թմրամոլության եւ ինքնասպանության դեպքեր արձանագրվում:

Հետազոտության համահեղինակների՝ Մարկ Էլիոտի եւ Մարկ Շուստերսի համոզմամբ, բժիշկների արհամարհական վերաբերմունքը կամ դրա դրսեւորման նկատմամբ վախը, դրան էլ գումարած՝ աշխատանք որոնելիս ի հայտ եկող դժվարություններն ու ծաղրուծանակը կարող են ինչպես սթրեսի առաջացման, այնպես էլ բժշկական հետազոտություններն անհարկի ձգձգելու, իսկ մասնագետի մոտ էլ՝ ոչ լիարժեք «բացվելու» պատճառ դառնալ, ինչն ի վերջո նրանց առողջական վիճակի լուրջ անդրադարձ է ենթադրում: