Փորձագետները խորհուրդ են տալիս, նախքան որեւէ դեղամիջոց ընդունելը, անպայման ներդիրն ընթերցել, ցուցումները հասկանալ եւ կողմնակից ազդեցությունների մասին պատկերացում կազմել: Սույն զգուշացումը հատկապես սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունեցող սպառողներին է վերաբերում, որոնք որեւէ տեսակի դեղամիջոց կամ հավելումներ ընդունելու անհրաժեշտության մասին պետք է նախօրոք սրտաբանին տեղյակ պահեն:
Ստորեւ դեղամիջոցների 4 տեսակներ ենք ներկայացնում, որոնք կարող են սրտի առողջության վրա բացասաբար անդրադառնալ.
1. Ազատ վաճառքի ենթակա ցավազրկողներ
Ազատ վաճառքի ենթակա ցավազրկողների երկու հիմնական տիպ գոյություն ունի՝ ացետամինոֆեններ (օրինակ՝ Tylenol®) եւ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ: Վերջինիս օրինակներից են իբուպրոֆենը (Advil®, Motrin®) եւ նապրօքսեն նատրիումը (Aleve®): Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (հատկապես բարձր չափաքանակներով ընդունման դեպքում) արյան ճնշումը բարձրացնելու եւ սրտի կաթվածի կամ ինսուլտի առաջացում հրահրելու սպառնալիք են պարունակում:
Այնպես որ, եթե արյան բարձր ճնշման կարգավորմանը կամ սրտանոթային հիվանդության բուժմանը միտված դեղամիջոց եք օգտագործում եւ ազատ վաճառքի ենթակա ցավազրկող ընդունելու կարիք ունեք, հարկավոր է նախ եւ առաջ բժշկի հետ խորհրակցել՝ պարզելու համար, որ ընտրված տարբերակը անվտանգ է առողջության համար:
2. Հակաայտուցային դեղամիջոցներ
Գրիպի, մրսածության եւ ալերգիայի առկայության պարագայում կիրառվող՝ ազատ վաճառքի ենթակա դեղամիջոցներից շատերը հակաայտուցային բաղադրիչներ են պարունակում, որոնք կարող են արյան ճնշման աճ եւ զուգահեռաբար ընդունվող դեղամիջոցների արդյունավետության կորուստ հրահրել: Այնպես որ, այս պարագայում էլ, եթե արյան բարձր ճնշման կարգավորման կամ սրտանոթային հիվանդության բուժման նպատակով նշանակված որեւէ դեղամիջոց եք ընդունում, հարկավոր է զգուշամտություն դրսեւորել: Առավել լայն տարածում գտած հակաայտուցային դեղամիջոցներից է պսեւդոէֆեդրինը (Sudafed®):
3. Որոշ հակաբիոտիկներ
2012թ.-ին իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բակտերիալ ինֆեկցիաների բուժման նպատակով կիրառվող հակաբիոտիկներից մեկը՝ ազիտրոմիցինը, որ Zithromax® կամ Zmax® ապրանքանշանի տակ է վաճառվում եւ առավելապես Z-Pak® ընդհանուր անվամբ է հայտնի, կարող է սրտի էլեկտրական համակարգի՝ առիթմիայի եւ օրգանի արագ աշխատանքի հանգեցնող փոփոխություններ հրահրել, հատկապես այն հիվանդների պարագայում, որոնք մոտ QT միջակայքի երկարաձգում, արյան մեջ կալիումի եւ մագնեզիումի ցածր բաղադրություն եւ սրտի աշխատանքի՝ նորմայից ցածր ռիթմ է ախտորոշվել: Նույն հետեւանքը կարող է նաեւ այն հիվանդների մոտ նկատվել, որոնք սրտի առիթմիայի բուժման նպատակով նշանակված դեղամիջոցներ են ընդունում:
Դեղամիջոցների վերահսկման ամերիկյան դաշնային վարչության գնահատմամբ, ազիտրոմիցինները դասը ներկայացնող հակաբիոտիկների եւս մեկ տեսակ, որ մակրոլիդ հակաբիոտիկներ անվամբ է հայտնի, կարող է նմանատիպ վնասակար ազդեցություններ ապահովել: Այնպես որ, նախքան հիշյալ դեղամիջոցներն ընդունելը, հարկ է թեմայի շուրջ սրտաբանի հետ խորհրդակցել:
4. Բուսական հիմքով հավելումներ եւ դեղամիջոցներ
Որքան էլ բուսական հիմք ունեցող դեղամիջոցները բնական եւ, հետեւապես, անվտանգ թվան՝ չի կարելի մոռանալ, որ դրանք, ի տարբերություն ավանդական դեղամիջոցների, խիստ վերահսկման չեն ենթարկվում եւ պատկան մարմինների կողմից հաստատման ենթակա չեն, ուստի կարող են այլ՝ սրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով նշանակված դեղամիջոցների եւ հավելումների հետ լուրջ, որոշ դեպքերում՝ ճակատագրական հակազդեցության մեջ մտնել:
Որոշ խոտաբույսեր ընդհանրապես կարող են սրտի կաթված կամ սրտանոթային խանգարումներ հրահրել, եւ, անկախ նրանից՝ զուգահեռաբար սրտանոթային խանգարման դեմ նշանակված դեղամիջոց եք ընդունում, թե ոչ, արյան բարձր ճնշման ու սրտի արագ աշխատանքի պատճառ դառնալ: Այնպես որ, բուսական հիմքով դեղամիջոցներ եւ հավելումներ ընդունելուց առաջ էլ հարկավոր է մասնագետի հետ խորհրդակցել:
Ի՞նչ անել՝ նոր դեղամիջոց կամ հավելում ընդունելուց առաջ
• Ազատ վաճառքի ենթակա դեղամիջոցներ օգտագործելուց առաջ հարկավոր է դրանց ակտիվ եւ ոչ ակտիվ բաղադրիչները ցանկը պարզել: Մասնավորապես հիշեք, որ նատրիումի բարձր բաղադրությունը կարող է արյան ճնշման կտրուկ աճի պատճառ դառնալ:
• Դեղավաճառի հետ խորհրդակցեք՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ դեղամիջոցը կարող է կոնկրետ հիվանդության կամ բուժման կուրսի դեմ հակացուցում ենթադրել: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալով՝ աշխատակիցը կարող է այլընտրանքային տարբերակներ առաջարկել:
• Եւ ամենակարեւորը՝ եթե սրտանոթային համակարգի հիվանդություն ունեք, ցանկացած այլ դեղամիջոց գնելուց առաջ հարկավոր է դրա անվտանգության շուրջ սրտաբանի հետ խորհրդակցել:






