Բրիտանացի գիտնականները զգուշացնում են, որ ամեն օր նախաճաշից հրաժարվող երեխաների մոտ կյանքի հետագա տարիներին երկրորդ տիպի շաքարախտի առաջացման բարձր ռիսկ է գործում:
Օքսֆորդի, Քեմբրիջի, Գլազգոյի եւ Լոնդոնում գործող Սբ. Գեւորգի համալսարանների գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ իրականացված համատեղ հետազոտությանը տարրական դպրոցի՝ 9-10 տարեկան ավելի քան 4 հազար աշակերտներ են մասնակցել, հաղորդում է The Daily Mail-ը:
Դպրոցականների արյան հետազոտությամբ պարզվել է, որ նախաճաշից հրաժարվող երեխաների մոտ, մշտապես նախաճաշողների հետ համեմատությամբ, առավել հաճախ է շաքարախտի առաջացման բարձր ռիսկի մարկեր եւ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության բարձր մակարդակ նկատվում: Բազմաթիվ դեպքերում՝ յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց հետո, նրանց արյան մեջ ինսուլինի առավել բարձր մակարդակ եւ գլյուկոզայի բաղադրությունը կարգավորող հորմոնի նկատմամբ օրգանիզմի առավել թույլ արձագանքելիություն է արձանագրվել:
Ստացվում է, որ կանոնավոր նախաճաշը շաքարախտի առաջացումը կանխարգելելու ներուժ ունի: Գիտնականներին դեռեւս չի հաջողվում երեւույթի պատճառը գտնել: Միակ ենթադրությունն այն է, որ նախաճաշից հրաժարվողները, ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում ճարպոտ սնունդ ընդունելու առավել մեծ միտում են դրսեւորում: Բացի այդ, նախաճաշի համար տիպիկ շիլան շաքարախտի առաջացումը կանխարգելելու հատկություն ունեցող բջջանյութի հարուստ բաղադրությամբ է աչքի ընկնում
Գիտնականները խորհուրդ են տալիս առավոտյան ժամերին օգտակար բաղադրիչներ ունեցող ուտեստներ առաջարկել երեխաներին: Մասնագետները հուսով են, որ հետագա հետազոտությունների արդյունքում հնարավոր կլինի նախաճաշի առկայության եւ շաքարախտի առաջացման միջեւ պատճառահետեւանքային կապի մեխանիզմները պարզել: Առաջնային հետազոտության մասնակիցները եւս նրանց ուշադրության կենտրոնում կմնան՝ պարզելու համար, թե նրանց որ մասի մոտ է ի վերջո շաքարախտ առաջանալու:






