GlaxoSmithKline դեղագործական ընկերության ջանքերով՝ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ մշակված պատվաստանյութը կապիկների նկատմամբ փորձարկումների ընթացքում դրական արդյունքներ է ցույց տվել, թեեւ կատարելագործման կարիք ունի:
ԱՄՆ ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի (NIAID) ներկայացուցիչների կողմից BBC-ին հաղորդված տեղեկությունների համաձայն, փորձարարական դեղամիջոցի օգնությամբ վակցինացիայի ենթարկված կապիկները Էբոլա վիրուսի նկատմամբ 5 շաբաթ տեւողությամբ իմունիտետ են ձեռք բերել: Որոշ դեպքերում էլ պրիմատների մոտ մինչեւ 10 ամիս տեւողությամբ մասնակի իմունային պաշտպանություն է պահպանվել: Ընդ որում, գիտնականների հաղորդմամբ, մարդկանց նկատմամբ փորձարկումների ընթացքում, արդյունավետության բարձրացման նպատակով, դեղամիջոցի կատարելագործման անհրաժեշտություն կարող է առաջանալ:
«Դեղամիջոցի դրական առանձնահատկությունն այն է, որ կարող է գրեթե 5 շաբաթ Էբոլայից լիարժեք պաշտպանություն ապահովել», - նշել է NIAID-ի ղեկավար Էնտոնի Ֆոսին (Anthony Fauci): Նրա խոսքով, կապիկների նկատմամբ վակցինացիայի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքները անցյալ շաբաթ մարդկանց նկատմամբ նախնական փորձարկումների մեկնարկ ազդարարելու հնարավորություն են ընձեռել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ մշակված պատվաստանյութերի՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող կամավորների նկատմամբ փորձարկումները ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին են մեկնարկելու http://med.news.am/arm/news/2735/yntacik-tarva-september-amsin-ebolayi-dem-patvastanyut-e-pordzarkvelu.html: Հաջող արդյունքների գրանցման պարագայում պատվաստանյութը, հաջորդիվ, Գամբիան, Մալին, հնարավոր է նաեւ՝ Նիգերիան ներկայացնող կամավորների նկատմամբ կփորձարկվելի:
Հիշեցնենք, որ կապիկների նկատմամբ հաջող փորձարկման փուլ է անցել նաեւ Zmapp անունը ստացած փորձարարական դեղամիջոցը, որը նույնպես ամերիկացիներն են ստեղծել՝ Էբոլա տենդի դեմ պայքարի համար http://med.news.am/arm/news/3058/ebolayi-dem-gaxtni-dexamijocy-makakaneri-paragayum-100ardyunavet-e-gtnvel.html:
Համաձայն պաշտոնական վիճակագրության, Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող մահացու հիվանդության զոհերի թիվը ավելի քան 2 հազարի է հասել, վարակվածներինը՝ շուրջ 4 հազար http://med.news.am/arm/news/3151/ebola-hemoragik-tendi-zoheri-tivy-2097-i-e-hasel.html:






