Սեռական կյանքի մասին տարատեսակ մոլորությունները Հայաստանում բավականին մեծ տարածում ունեն: Հազվադեպ չեն նաեւ տարօրինակ վարքն ու որոշ խմբերին բնորոշ սովորություններն ու կարծրատիպերը: Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը պատմել է մի այդպիսի սովորության մասին, որը, որքան էլ որ զարմանալի է, Հայաստանում, նրա խոսքով, շատերին է բնորոշ:
Պարզվում է, որ որոշ հայ մայրեր իրենց որդիների առաջին ամուսնական գիշերվա ընթացքում մի քանի անգամ թակում են դուռը եւ հարցնում «պրոցեսի ընթացքի եւ արդյունքի մասին»: Հարկ չկա ասելու, թե նման պահվածքն ինչպես կարող է անդրադառնալ զույգի սեռական կյանքի վրա եւ ինչ խնդիրներ կարող են հետագայում առաջանալ:
Ինչու՞ են մայրերն այդպես վարվում: Ինչպիսի՞ ընտանիքներին է դա առավել հատուկ:
Սեւադա Հակոբյանի խոսքով՝ նման պահվածքը սովորաբար հատուկ է այն ընտանիքներին, որտեղ տղան վաղ տարիքում կորցրել է հորը եւ խիստ կապված է մոր հետ: Հավանաբար, այդպիսի ընտանիքներում մայրերը եւ, որոշ դեպքերում, նույնիսկ որդիները երբեմն չեն զգում, թե որտեղ պետք է ծնողների հետ մտերմության եւ անձնական կյանքի սահմանները հատվեն: Հիշեցնենք, որ որոշ որդիներ նույնիսկ սեքսապաթոլոգի մոտ են մոր ուղեկցությամբ գնում:
Շատերը կարող են մտածել, թե նման վարքը միայն գյուղաբնակ ընտանիքներին է հատուկ, բայց, սեքսապաթոլոգի խոսքով, երեւույթը նաեւ Երեւանում է առկա: Ավելին՝ ընտանիքի եւ, մասնավորապես, որդու կրթության մակարդակը նույնպես ոչ մի դեր չի խաղում. նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող «ինտելիգենտ» ընտանիքներում պատահում են մայրեր, ովքեր կարող են գիշերը թակել երիտասարդների սենյակի դուռը եւ հետաքրքրվել, թե ինչպես է նրանց մոտ ամեն ինչ ընթանում:






