Ականջի կոտրվածք տերմինն անգամ տարօրինակ է հնչում, չէ՞ որ այդ օրգանը ոսկոր չունի։ Բայց այդ վնասվածքն այնքան էլ հազվադեպ չի պատահում, եւ, որպես կանոն, խոսքը կռճիկային հյուսվածքի վնասվելու մասին է։ Ոմանք ականջները կոտրում են մարզումների ժամանակ, օրինակ՝ ըմբշամարտով զբաղվելիս, երբ մրցակիցը կողքից ձեռքով վնասում է ականջի խեցին։
Կան դեպքեր, երբ տղամարդիկ (ավելի հաճախ խոսքը բավական երիտասարդների մասին է) իրենց ավելի խիստ տեսք հաղորդելու համար են ցանկանում կոտրել ականջը, որպեսզի մարտիկի տեսք ստանան։ Բայց այս մանիպուլյացիան չափազանց վտանգավոր է եւ կարող է հանգեցնել անսպասելի հետեւանքների, գրել է «Аргументы и факты»-ն։
«Եթե խոսելու լինենք վերջինի՝ հատուկ ականջը կոտրելու մասին, ապա դա հիմարությունների հիմարությունն է։ Ականջի կոտրվածքը վտանգավոր է եւ կարող է հանգեցնել պերիխոնդրիտի առաջացման, երբ ականջի խեցում արյուն է կուտակվում, առաջանում է կճռիկների բորբոքում։ Եթե այս ամենն ակտվ զարգանա, ապա դրա հետեւանքը կդառնան ականջի խեցու նեկրոզը եւ դրա կորուստը՝ ինչպես մասնակի, այնպես էլ լրիվ։ Բժիշկները ստիպված են լինում կտրել այն»,- ասել է բարձր կարգի բժիշկ-ականջաբան Վլադիմիր Զայցեւը։
Բժշկի խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ կռճիկային եւ ոսկրային մակերեսները շատ թույլ են մատակարարվում արյամբ։ Եվ եթե հյուսվածքի բորբոքում առաջանա՝ կռճիկային կամ ոսկրային, այն վերացնելը բավական դժվար կլինի։






