Շատերն են անհամբեր սպասում զարթուցչի զանգին, որն ազդարարում է լարված աշխատանքային օրվա սկսվելու մասին։ Մինչեւ զարթուցչի զանգը մի քանի րոպե կամ նույնիսկ մեկ ժամ առաջ արթնանալը նոր երեւույթ չէ, նշել են քնի գծով փորձագետները CNN-ի հարցազրույցում, բայց դա մարդկանց անասելի անհարմարություն կարող է պատճառել։
Քնի գծով փորձագետները խորհուրդներ են տվել, թե ինչ կարելի է անել այդ անհարմարությունից խուսափելու համար։
Մի նայեք ժամացույցին կամ հեռախոսին
Եթե հանկարծակի արթնացել եք, ինչպես ձեզ թվում է՝ վաղ առավոտյան, ժամացույցին մի նայեք։ Պարզելով, որ գիշերվա ժամը 3-ն է՝ այն դեպքում, երբ զարթուցիչը լարել եք առավոտյան ժամը 7-ի համար, դուք կարող եք սրթես ապրել քնի այն ժամերի համար, որոնց հույս ունեիք հասնել, խորհուրդ է տվել գիտնական, վարքի գծով մասնագետ Վենդի Թրոկսելը։
Եթե ձեր զարթուցիչը հեռախոսի վրա է, ժամն ստուգելը կարող է էլ ավելի լուրջ թրիգեր լինել։ Մտածեք զարթուցիչ ձեռք բերելու մասին, որը կապված չէ հեռախոսի հետ։
Վեր կացեք մահճակալից
Որքան էլ տարօրինակ է, փորձագետները խորհուրդ են տվել վեր կենալ մահճակալից, անգամ գիշերվա ժամը 3-ին։
Մահճակալի մտովի սահմանումը որպես քնելու տեղ մարդկանց օգնում է դրական մտքերը քնի մասին զուգորդել նրա տարածքի հետ։ Արթնանալուց հետո սենյակից դուրս գալով՝ կարելի է ֆրուստրացիան մահճակալից անջատել։
Հենց որ նորից ձեր քունը տանի, վերադարձեք անկողին։
Մատյանում գրի առեք՝ ինչն է աշխատում, ինչը՝ ոչ
Բժիշկ Ռաջկումար Դաստգուպտան խորհուրդ է տվել գրի առնել ոչ միայն քնի եւ գիշերվա կոնկրետ ժամին արթնանալու ժամանակը, այլեւ հանդարտվելու, շրջակա միջավայրի գործոնների եւ անգամ սնվելու եւ ֆիզիկական վարժությունների ռեժիմի գործոնները, որոնք, ինչպես պարզվել է, օգնել են ձեզ քնել այն օրը։






