Երկաթն արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) արտադրման համար անհրաժեշտ միկրոէլեմենտ է: Այդ բջիջների հիմնական գործառույթը հյուսվածքները եւ օրգանները թթվածնով ապահովելն է: Երկաթ պարունակվում է նաեւ բազմաթիվ սպիտակուցների  ֆերմենտների մեջ, որոնք օգնում են պահպանել առողջությունը: Հեմոգլոբինը երկաթով հարուստ սպիտակուց է, որը պարունակվում է էրիթրոցիտներում: Եթե ​​օրգանիզմում այս տարրը բացակայում է, հնարավոր են սրտանոթային համակարգի, նյարդային համակարգի, շնչառական ու մարսողական օրգանների աշխատանքի խանգարումներ, գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա»-ն:

Օրգանիզմում երկաթի մակարդակը պահպանելու համար սննդակարգ կազմելիս անհրաժեշտ է դրա բարձր պարունակությամբ մթերքներ ընտրել.

- 100 գ տավարի կամ տավարի աղացած միսը՝ մատուցված ցանկացած ձեւով, օրգանիզմը 2.7 մգ երկաթով ապահովելու միջոց է,

- 100 գ դդմի սերմերը (հում կամ բոված) օրգանիզմը կապահովեն 13 մգ երկաթով,

- Բուսակերների համար լոբազգիները երկաթի իդեալական աղբյուր են: Եփած լոբի, սիսեռ, ոլոռ, սոյայի հատիկներ, ոսպը միջինում 3.3 մգ միկրոտարր են պարունակում 100 գ-ում,

- Սպանախը բանջարեղենի մեջ երկաթի խտությամբ բացարձակ չեմպիոնն է։ Այս բանջարեղենի տերեւները 3.6 մգ երկաթ են պարունակում 100 գ-ում,

- Պոպուլյար քինոան մոտ 1.5 մգ  երկաթ է պարունակում 100 գ չափաբաժնում: Բուսական եւ կենդանական ծագման երկաթը տարբեր կերպ է յուրացվում։ Հեմային (կենդանական) երկաթը ներծծվում է ամբողջությամբ, առանց կորստի, ի տարբերություն բուսական ծագման երկաթի։ Բայց դուք կարող եք օգնել օրգանիզմին, եթե.

- Մեկ սննդընդունման ընթացքում վիտամին C-ի բարձր պարունակությամբ սնունդ կամ հավելումներ օգտագործեք։ Վիտամին C-ով մթերքների օրինակներն են նարինջը, այլ ցիտրուսային մրգերը, լոլիկը, բրոկկոլին եւ ելակը,

- Համատեղեք երկաթով մթերքները՝ ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման,

- Երկաթի բարձր պարունակությամբ կերակուրներ պատրաստելու համար չուգունե թավա օգտագործեք:

Կան որոշ գործողություններ, որոնք դժվարացնում են օրգանիզմի կողմից երկաթի յուրացումը։ Ահա մի քանի խորհուրդ՝ ինչպես խուսափել դրանից.

- Եթե սուրճ կամ թեյ եք խմում, ապա խմեք դրանք սննդընդունումների միջեւ, ոչ թե ընթացքում,

- Օրական 40 գ-ից ավել մանրաթել մի օգտագործեք,

- Մի օգտագործեք կալցիումով (օրինակ՝ կաթնամթերք կամ կալցիումով հարստացված հյութեր) եւ երկաթով հարուստ մթերքներ: