Բժիշկ-սննդաբան, ալերգոլոգ-իմունաբան Մարինա Ապլետաեւան Москва 24-ի հետ զրույցում խորհուրդ է տվել միսը չհամադրել կարտոֆիլի, մակարոնի եւ սպիտակ բրնձի հետ։

Այդ մթերքները ցածր քանակությամբ բջջանյութ եւ սննդային մանրաթելեր, բայց եւ մեծ քանակությամբ օսլա են պարունակում։ Եթե դրանք համադրվեն մսի հետ, ապա այն ավելի վատ կմարսվի, նշել է փորձագետը։

«Միսը դժվար մթերք է մարսողության համար։ Այն բավական երկար է յուրացվում։ Ուստի, խավարտի համար պետք է ընտրել այնպիսի մթերքներ, որոնք կբարելավեն այդ պրոցեսը, կարագացնեն մսի յուրացումը, որպեսզի այն երկար չգտնվի աղեստամոքսային տրակտում եւ նեխման պրոցեսներ չառաջացնի»,- ընդգծել է սննդաբանը։

Բժիշկ-սննդաբան, նուտրիցիոլոգ Եվգենի Արզամասցեւն, իր հերթին, «Москва 24»-ի հարցազրույցում նշել է, որ մսի օգտագործումը սնկերի հետ կծանրաբեռնի ստամոքսն ու աղիները։ Եթե մարդն արդեն մարսողության հետ կապված խնդիրներ ունի, ապա վիճակը կարող է ավելի վատանալ»,- նախազգուշացրել է նա։

«Ցանկալի չէ միսը համադրել մաքուր ճարպերի, օրինակ՝ մայոնեզի հետ։ Որովհետեւ կերակուրը դառնում է չափից ավելի կալորիական, եւ սպիտակուցային, անգամ անյուղ մթերքի օգուտն այդ դեպքում կորչում է»,- նշել է Արզամասցեւը։

Մասնագետը նաեւ խորհուրդ չի տվել միսը համադրել քաղցր մթերքների հետ։ «Իհարկե, չպետք է այն համադրել քաղցրի հետ, որովհետեւ դա կարող է խմորման պրոցեսներ առաջացնել։ Եվ մենք միսն օգտակար մթերքից կարող ենք վերածել բացահայտ վնասակարի»,- նշել է սննդաբանը։

Արզամասցեւի խոսքով՝ միսը պետք է օգտագործել բանջարեղենների եւ կանաչեղենի հետ, որոնք օգնում են բարելավել սննդի մարսողության պրոցեսը։