Ամենաուժեղ մոլորություններից մեկը, որը կարող է կյանքեր արժենալ, այն է, որ շմոլ գազը բոլորին ծանոթ տհաճ հոտ ունի, այնպես որ պետք է ապավինել հոտառությանը, եւ ամեն ինչ լավ կլինի: Իրականում ինտենսիվ հոտ պարունակող նյութեր՝ օդորանտներ, ավելացվում են այն գազին, որով աշխատում են տնային վառարանները։ Դրանք անհրաժեշտ են հենց նրա համար, որ հնարավոր լինի շմոլ գազը զգալ նույնիսկ չափազանց ցածր, եւ հետեւաբար անվնաս խտության՝ սենյակի ծավալի մոտ 1%-ի դեպքում: Իսկ շմոլ գազը, որ արտանետում են գյուղական վառարանները, բուխարիները եւ գազային այլ սարքեր, չունի ո՛չ հոտ, ո՛չ համ, ո՛չ գույն, «Аргументы и факты»-ին ասել է РУДН բժշկական ինստիտուտի ընդհանուր բժշկական պրակտիկայի ամբիոնի վարիչ Նիկոլայ Ստուրովը:
Ցանկացած վառելիք, որը ամբողջությամբ չի այրվում, արտադրում է շմոլ գազ: Այլ կերպ ասած, դրա աղբյուրը կարող է լինել ծխախոտի ծուխը, վառարանը, որում ածուխ կամ փայտ են վառում, եւ մեքենայի աշխատող շարժիչը:
Շմոլ գազի հիմնական վտանգն այն է, որ այն հեշտությամբ եւ արագ ներծծվում է թոքերի միջոցով արյան մեջ եւ անմիջապես կապի մեջ է մտնում հեմոգլոբինի հետ: Շմոլ գազը շնչելու դեպքում առաջանում է թունավոր նյութ կարբոքսիհեմոգլոբին, որը դադարեցնում է թթվածնի հոսքը արյան մեջ։ Արդյունքում առաջանում է հիպոքսիա (թթվածնային քաղց)՝ մի վիճակ, որի դեպքում վնասվում են ուղեղի բջիջները։ Որոշ մարդիկ գլխապտույտ են զգում եւ կորցնում են գիտակցությունը: Եթե օգնությունը ժամանակին չտրամադրվի, հիպոքսիայի մակարդակը կբարձրանա, ինչը կարող է հանգեցնել ինսուլտի, ինֆարկտի, սրտի անբավարարության, իսկ ծանր դեպքերում՝ նույնիսկ կոմայի եւ մահվան։
Եթե ախտահարումն ավելի քիչ ծավալուն լինի, ապա վերականգնումը կլինի դժվար եւ երկար՝ ամիսներ կամ նույնիսկ տարիներ կտեւի։
Շմոլ գազով թունավորման դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս բացել պատուհաններն ու դռները, տուժածին դուրս բերել փողոց, կանչել փրկարարներ եւ բժիշկներ, որոնք թթվածնային դիմակով մի քանի ժամով մարդուն կմիացնեն թթվածնի բալոնին։ Այս դեպքում հոսպիտալացումը պարտադիր է:
Թունավորման ծանր աստիճանի դեպքում վերակենդանացման բաժանմունքում հիվանդին միացնում են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Բժիշկներն ունեն շմոլ գազի դեմ հատուկ հակաթույն, որի օգնությամբ արագանում է շմոլ գազի հեռացումն օրգանիզմից, իսկ թունավորումը նվազում է։






