Մարդիկ, որոնք տառապում են լեզվական ձեռքբերովի խանգարումներից՝ ուղեղի վնասվածքի պատճառով, օրինակ՝ ինսուլտից, ուղեղի տրավմատիկ վնասվածքից կամ ուղեղի ուռուցքից հետո, եւ հաճախ դժվարանում են շփվել այլ մարդկանց հետ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այսպիսի պացիենտները հաճախ փորձում են իրենց կարիքները ձեռքի շարժումների միջոցով արտահայտել: Նախկինում ենթադրվում էր, որ զրուցակիցները համեմատաբար քիչ ուշադրություն են դարձրնում հաղորդակցության ոչ վերբալ ձեւերին, սակայն այս ենթադրությունը հիմնված է լեզվական խանգարումներ չունեցող մասնակիցների ուսումնասիրությունների վրա:

Ցյուրիխի համալսարանի նոր հետազոտությունը, որն անցկացվել է Նիդեռլանդների եւ Ճապոնիայի գիտնականների հետ համատեղ, նվիրված է եղել այն հարցին, թե արդյոք ժեստերն ավելի մեծ ուշադրություն են գրավում, եթե բանավոր հաղորդակցությանը խանգարում է աֆազիան (խոսքի դիսֆունկցիան - խմբ.): Հետազոտողները առողջ կամավորներին ցույց են տվել տեսահոլովակներ, որոնցում խոսքի խանգարումներ ունեցող եւ չունեցող մարդիկ նկարագրել են դժբախտ պատահար եւ գնումների կատարում: Տեսահոլովակները դիտելիս հետեւել են մասնակիցների աչքերի շարժումներին, գրում է News Medical Life Sciences-ը։

«Մարդիկ, որոնք վերբալ արտադրանքի մեջ սահմանափակումներ չեն ունեցել, ավելի քիչ ուշադրություն են դարձրել ժեստերին։ Այսպիսով, կարծես թե, ունկնդիրները փոխում են իրենց ուշադրությունը, երբ խոսողը խոսքի խանգարումներ ունի, եւ ավելի շատ կենտրոնանում են խոսողի ոչ բանավոր տեղեկատվության վրա, որը փոխանցվում է ժեստերի միջոցով: Աֆազիա ունեցող մարդիկ, հնարավոր է, պետք է ավելի շատ ժեստերի կարիք ունենան՝ զրուցակցի կողմից ավելի լավ հասկանալի լինելու համար»,- նշում են գիտնականները։

Այս ուսումնասիրությունը ոչ միայն ցույց է տալիս ժեստերի կարեւորությունը հաղորդակցության մեջ, այլ նաեւ մեծացնում է դրանց կարեւորությունը խոսքի վերականգնման գործում:

«Աֆազիա ունեցող մարդկանց թերապիայի ընթացքում պետք է խրախուսել օգտագործել հաղորդակցության բոլոր հասանելի ձեւերը: Սա ներառում է ժեստերի ավելի մեծ օգտագործումը: Բացի այդ, նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները պետք է իմանան ժեստերի մասին՝ հաղորդակցության բարելավման համար»,- եզրակացրել են հետազոտողները: