Օգտագործելով նոր տեխնոլոգիաներ՝ միաժամանակ իմունային բջիջներում հազարավոր գեներ ուսումնասիրելու համար, Գլադսթոն ինստիտուտի, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Սթենֆորդի բժշկական դպրոցի հետազոտողները ստեղծել են գեների բարդ ցանցերի համատեղ գործունեության ամենամանրամասն քարտեզը: Նոր ըմբռնումը, թե ինչպես են այս գեները կապված միմյանց հետ, լույս է սփռում ինչպես իմունային բջիջների գործունեության, այնպես էլ իմունային հիվանդությունների հիմնական շարժիչ ուժերի վրա:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Genetics ամսագրում:
Հետազոտությունը շատ կարեւոր է նաեւ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես են մարդու գեներում տատանումները կապված աուտոիմուն հիվանդությունների զարգացման ռիսկի հետ, ասում են գիտնականները:
Երբ իմունային համակարգի T բջիջները՝ արյան սպիտակ բջիջները, որոնք կարող են պայքարել վարակների եւ քաղցկեղի դեմ, ակտիվանում են, բջիջներում հազարավոր սպիտակուցների մակարդակը փոխվում է: Նրանք նաեւ գիտեն, որ այս սպիտակուցներից շատերը փոխկապակցված են, այնպես որ մի սպիտակուցի մակարդակի փոփոխությունը կարող է առաջացնել մյուսի մակարդակի փոփոխություններ:
Գիտնականները սպիտակուցների եւ գեների միջեւ այս կապերը ներկայացնում են ցանցերի տեսքով, որոնք մետրոյի քարտեզ են հիշեցնում: Այս ցանցերի քարտեզների կազմումը կարեւոր է, քանի որ դրանք կարող են օգնել բացատրել, թե ինչու երկու տարբեր իմունային գեների մուտացիաները կարող են հանգեցնել նույն հիվանդության կամ ինչպես դեղամիջոցը կարող է ազդել բազմաթիվ իմունային սպիտակուցների վրա:
Նախկինում գիտնականները քարտեզագրել են այս ցանցերի մի մասը՝ հերթով ջնջելով յուրաքանչյուր սպիտակուցի գենը եւ ուսումնասիրելով դրա ազդեցությունը այլ գեների եւ սպիտակուցների, ինչպես նաեւ իմունային բջիջների ընդհանուր գործառույթի վրա: Բայց այս մոտեցումը բացահայտում է պատկերի միայն կեսը։
Ուսումնասիրված կարգավորիչների կողմից վերահսկվող գեների ամբողջական ցանկի մեջ գիտնականները հայտնաբերել են մեծ թվով գեներ, որոնք արդեն կապված են իմունային հիվանդությունների, այդ թվում՝ բազմակի սկլերոզի, գայլախտի եւ ռեւմատոիդ արթրիտի հետ:
Նոր քարտեզն օգնել է բացահայտել, թե ինչպես կարող են այս հիվանդությունների հետ կապված գենետիկ փոփոխություններն արտահայտվել տարբեր գեներում։ Այն նաեւ մատնանշում է գեների հիմնական խմբերը, որոնց կարող են ուղղված լինել իմունային հիվանդությունների բուժման դեղերը։






