Արյան բարձր ճնշումը հաճախ չէ, որ հայտնվում է թերթերի վերնագրերում, ինչպես առողջության հետ կապված այլ խնդիրները, բայց դա լուրջ խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։
«Եթե հիպերտոնիան չբուժվի, այն կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, ինչպիսին են արյունատար անոթների հյուծումը, սրտի նոպան, երիկամների վնասվելն ու կաթվածը»,- Eat This, Not That! պորտալին ասել է սրտաբան Ռահուլ Ագարվալը։
Ուփսալայի համալսարանի հետազոտության համաձայն՝ արյան բարձր ճնշումը կապված է զարմանալի կողմնակի ազդեցության հետ։ Գիտնականները 24 տարի շարունակ հետեւել են շվեդ 1 000 տարեց տղամարդկանց կյանքին։ Հետազոտությունը ցույց է տվել, որ զարկերակային ճնշումը կարող է փոխվել օրվա ընթացքում՝ գիշերն ավելի ցածր ցուցանիշներ գրանցելով։ Նորմալ քնի ժամանակ տեղի է ունենում զարկերակային ճնշման նվազում՝ արթուն եղած ժամանակվա ճնշման համեմատ։ Այս էֆեկտը հայտնի է «դիպինգ» անվանմամբ։
Ընդ որում՝ թուլամտության ախտորոշում ստանալու հավանականությունը 1,64 անգամ ավելի բարձր է եղել հակառակ դիպինգ ունեցող տղամարդկանց շրջանում՝ նորմալ դիպինգով տղամարդկանց համեմատ։ Հակառակ դիպինգը հիմնականում ավելացրել է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը. այսպիսի եզրակացության են եկել բժիշկները։
Ալցհեյմերի հանրույթի պնդման համաձայն՝ երկարատեւ հետազոտությունները ցույց են տվել, որ արյան բարձր ճնշումը կյանքի կեսին կարեւոր գործոն է հանդիսանում, որը կարող է բարձրացնել հետագայում թուլամտության հավանականությունը, հատկապես անոթային դեմենցիայի։
2013թ. հետազոտողները ցույց են տվել, որ արյան բարձր ճնշմամբ տարեց մարդիկ ավելի հաճախ են ունենում Ալցհեյմերի հիվանդության մարքերներ ողնուղեղի հեղուկում։
Արյան բարձր ճնշում ունեցողների ռիսկի խմբում դիաբետիկներն են, տարեց մարդիկ, ծխողները եւ ճարպակալում ունեցողները։ Գենետիկան նույնպես որոշակի դեր է խաղում։
Արյան բարձր ճնշումը կանխելու լավագույն միջոցներն, ըստ բժիշկների, հետեւյալն են՝ իմանալ, թե ինչ ճնշում ունեք, ճիշտ սնվել, պահպանել առողջ քաշ, վերահսկել աղի, ածխաջրերի օգտագործումը եւ հետեւել միջակայքերով քաղցելուն։






