ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 25 միլիոն երեխա կորոնավիրուսի համավարակի պատճառով չի ստացել պլանային պատվաստումներ այնպիսի տարածված հիվանդությունների դեմ, ինչպիսին է դիֆթերիան, հիմնականում այն պատճառով, որ կորոնավիրուսի համավարակը խախտել է կանոնավոր բժշկական սպասարկումը կամ առաջացրել է ապատեղեկատվություն պատվաստանյութերի մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել են, որ անցյալ տարի 25 միլիոն երեխա չի պատվաստվել դիֆտերիայի, փայտացման եւ կապույտ հազի դեմ՝ շարունակելով նվազման միտումը, որը սկսվել է 2019 թվականին:

«Սա կարմիր տագնապ է երեխաների առողջության համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։ «Մենք ականատես ենք լինում մանկական պատվաստումների մակարդակի ամենամեծ կայուն անկմանը մեկ սերնդի ընթացքում»:

Նա հավելել է, որ հետեւանքները կչափվեն կորցրած կյանքերով։

Տվյալները ցույց են տալիս, որ չպատվաստված երեխաների մեծամասնությունն ապրում է զարգացող երկրներում՝ Եթովպիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Նիգերիայում եւ Ֆիլիպիններում: Թեեւ պատվաստումների ընդգրկումը նվազել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, ամենածանր ազդեցությունները դիտարկվել են Արեւելյան Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում:

Փորձագետները հայտարարել են, որ պատվաստումների ընդգրկման այս «պատմական հետընթացը» հատկապես մտահոգիչ է, քանի որ այն գալիս է խիստ թերսնման մակարդակի աճի ֆոնին: Թերսնված երեխաները, որպես կանոն, ունեն թույլ իմունային համակարգ, եւ վարակները, ինչպիսին է կարմրուկը, հաճախ կարող են մահացու լինել նրանց համար:

«Սովի ճգնաժամի համադրությունը՝ իմունիզացիայի աճող դեֆիցիտի հետ, սպառնում է պայմաններ ստեղծել երեխաների գոյատեւման ճգնաժամի համար»,- հայտարարել են ՄԱԿ-ում:

Գիտնականները նշել են, որ պատվաստումների ընդգրկման ցածր մակարդակն արդեն իսկ հանգեցրել է այնպիսի հիվանդությունների բռնկումների, ինչպիսիք են կարմրուկը եւ պոլիոմիելիտը։ 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն եւ գործընկերները խնդրել են երկրներին զսպել պոլիոմիելիտի վերացման ուղղությամբ ջանքերը՝ արագացող COVID-19 համավարակի պայմաններում: Այդ ժամանակից ի վեր ավելի քան 30 երկրներում պոլիոմիելիտի տասնյակ համաճարակներ են գրանցվել: