Տեսողության, լսողության, հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրներ եւ այլ ֆիզիկական արատներ ունեցող երեխաների համար պետությունը պետք է բուհերի ընդունելության հատուկ ծրագիր մշակի: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այս համոզմունքը լսողության խանգարումով երեխաների համար գործող կրթօջախի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանն է հայտնել: Նրա համոզմամբ, միայն վերոհիշյալ միջոցառման իրականացումից հետո կարելի է երկրորդ՝ նման երեխաների ուսման չափանիշներին վերաբերող հարցը բարձրացնել: Մասնագետը Մոսկվայի մանկավարժական համալսարանի օրինակ բերել, որի հատուկ բաժնում միայն ֆիզիոլոգիական խանգարումներ ունեցող երեխաներն են սովորում: Իսկ մասնագետներն էլ ժեստերի լեզվով են դասավանդում:
Հայաստանում հարցի լուծման առաջին նախանշանները Գեղեցիկ արվեստների ակադեմիան է դրսեւորել, որտեղ թույլ լսողություն ունեցող ուսանողները հատուկ արտոնություններից օգտվելու հնարավորություն են ձեռք բերել: Սակայն դրանք ոչ թե ընդունելության կանոնակարգին, այլ՝ ուսման վարձին են վերաբերում: Ցավոք սրտի, այնտեղ եւս սուրդոթարգմանիչ-մանկավարժներ չկան, սակայն, Աշոտ Ավետիսյանի հավաստիացմամբ, Ակադեմիայի ղեկավարությունը ներկայումս անհրաժեշտ միջոցների եւ մասնագետների որոնմամբ է զբաղվում: «Մեր աշակերտներից երեքը Գեղեցիկ արվեստների ակադեմիայի դիզայնի ֆակուլտետ են ընդունվել: Աստված մի բանից զրկում է, մեկ այլ բանով՝ փոխհատուցում: Նրանք հրաշալի նկարել գիտեն: Այսօր էլ լավագույն կոշկակակարները մեր դպրոցի շրջանավարտներն են: Իզուր չէ կոշկակարի մասնագիտությունն ավանդաբար խուլ մարդկանց արտոնությունը համարվել», - հիշեցրել է նա՝ հավելելով, որ կրթօջախի արհեստանոցում վարպետություն ձեռք բերած շրջանավարտները նաեւ գորգագործության, կարի եւ վարսավիրության հետ կապված բազմաթիվ միջոցառումների ընթացքում են աչքի ընկնել:
Ցավոք սրտի, գիտության հետ կապված հարցերում առաջընթաց դեռեւս չի նկատվում: «Դրա համար ֆիզիոլոգիական բնույթի խնդիրներ ունեցող երեխաների՝ հատուկ վերապատրաստում անցած մանկաբույժների հետ առավել տեւական շփում է հարկավոր, ինչի հնարավորությունը մեր բուհերում դեռեւս չի նկատվում», - նշել է Աշոտ Ավետիսյանը:
Անդրադառնալով կրթական ծրագերին, մասնագետը հիշեցրել է, որ մանկավարժությունը հասարակության զարգացմանը զուգահեռ՝ օր առ օր փոխվելու միտում ունի: «Այսօր լսողական խանգարումներ ունեցող մարդկանց համար մշակված հատուկ ծրագրեր գոյություն չունեն: Մոտեցումը հիմնականում հետեւյալն է. կրթական ծրագիրը երեխայի ընկալման մակարդակից է կախված: Այսինքն՝ երեխան կարող է սովորել այնքան, որքանով ի վիճակի է ընկալել ծրագիրը: Սակայն մենք կոնկրետ ծրագրեր ենք առաջ քաշում, որոնք մինչ ուսումնական հաստատությունն ավարտելը, ատեստատ ստանալն ու կրթությունը շարունակելը յուրացման կարիք ունեն», - ամփոփել է մասնագետը:






