Ոչ մի երկիր այսօր ապահովագրված չէ որեւէ հարուցչի ներթափանցումից, առավել եւս, եթե վարակի տարածողները թռչուններ են։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը ապահովագրված թռչնի գրիպից, որը նորից գլուխ է բարձրացրել Չինաստանում, Հոնգկոնգում եւ Թայվանում, եւ անգամ նոր շտամ է հայտնաբերվել՝ H10N8:

Չինաստանում արձանագրվել է թռչնի գրիպի նոր շտամից մահվան առաջին դեպքը 

«Մենք դեռեւս մարտ ամսից համագործակցում ենք գյուղատնտեսության նախարարության հետ, վերցրել ենք հսկողության տակ թիրախային բնակավայրերը, թռչնաբուծարանները, որոնք կարող են ռիսկի գոտի հանդիսանալ։ Գյուղատնտեսության նախարարությունը եւս իր կողմից հսկողություն է սահմանել։ Բոլոր նոր մոտեցումները՝ բուժման, համաճարակային հսկողության, հիվանդների վարման՝ տրամադրվել են բուժանձնակազմին, սկսած առաջնային օղակից, վերջացրած մասնագիտացված հիվանդանոցներով։ Ավելին, հոկտեմբերի կեսերին կազմակերպվել էր սեմինար հանրապետության համաճարակաբանների եւ վարակաբանների համար, ներկայացվել են բոլոր նորությունները։ Նմանատիպ մեծ քննարկում կազմակերպել է նաեւ Երեւանի քաղաքապետարանը», - ասաց նա, հավելելով, որ ժամանակացույց է մշակվել, եւ երկուշաբթվանից ինքն անձամբ պետք է այցելի տարբեր մարզեր։ «Նորից սեմինար է կազմակերպվելու բժիշկների իրազեկման համար, որպեզի նրանք իմանան, ում հաղորդել, ինչ անել, անհրաժեշտության դեպքում ինչպիսի նմուշներ վերցնել, ինչպես տեղափոխել նմուշները ազգային լաբորատորիա», - ասաց Լ. Թորոսյանը։

Ինչ վերաբերում է սառեցված թռչնամսին, ապա ըստ համաճարակաբանի, դեռեւս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արգելք չի դրել սառեցված թռչնամսի վրա թռչնագրիպի պատճառով, սակայն Հայաստանը այս հարցով ընդհանրապես անհանգստանալու խնդիր չունի, քանի որ անապահով երկրներից թռչնամսի ներկրումը Հայաստան, ըստ գյուղատնտեսության նախարարության, դադարեցված է։

Լ.Թորոսյանը նշեց, որ չվող թռչունների միգրացիոն ուղղությունները մշտապես դիտարկվում են, եւ ներկա դրությամբ դեռեւս մեզ անհանգստացնող որեւէ խնդիր չկա։ «Թե վաղը ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել՝ հարուցիչը արտոնագիր չի ճանաչում», - ասաց նա, նշելով, որ, ըստ ԱՀԿ տվյալների, թռչնագրիպը  մարդուն փոխանցվում է թռչնից, մարդուց մարդու անցնելու դեպքեր առայժմ չեն արձանագրվել, բայց ԱՀԿ շարունակում է հետազոտությունները, եւ յուրաքանչյուր նորության դեպքում իրազեկվում են բոլոր անդամ երկները, այդ թվում նաեւ Հայաստանը։