Հիգիենայի համաշխարհային խորհուրդը (Global Hygiene Council, GHC) այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ձեռքերը լվանալու համաշխարհային օրը, կոչ է արել ներդրումներ կատարել ձեռքերի լվացման կրթության եւ ռեսուրսների մեջ՝ ձեռքերի համընդհանուր հիգիենան ապահովելու, հիվանդությունները կանխելու եւ կյանքեր փրկելու համար: 2022 թվականի կարգախոսն է․ «Միավորվենք հանուն ձեռքերի համընդհանուր հիգիենայի»:
Ձեռքերը օճառով լվանալը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կարեւորագույն միջոցներից է։ Այս միջոցը տնտեսական առումով ավելի արդյունավետ է, քան հանրային առողջապահության ոլորտի այլ միջոցառումները:
Ձեռքերը լվանալը բազմաթիվ սոցիալ-տնտեսական առավելություններ ունի, ի լրումն հիվանդացության նվազեցման: Օրինակ՝ աշխատանքի արտադրողականության բարձրացում եւ առողջապահական ծախսերի կրճատում:
Հիգիենայի եւ ձեռքերի լվացման նպատակների եւ միտումների մասին
COVID 19-ի համավարակի սկզբում ձեռքերը լվանալու միջոցների հասանելիությունը, կրթությունը եւ ֆինանսավորումը բավարար չէին։ Մասնավորապես, աշխարհի բնակչության 30 տոկոսը չուներ ձեռքերը օճառով եւ ջրով լվանալու միջոցներ, իսկ բուժհաստատությունների գրեթե կեսի (43 տոկոսը) խնամքի կետում չկային ձեռքերի հիգիենայի տարրական միջոցներ:
COVID-19 համավարակից ի վեր արդեն ջանքեր են գործադրվել հիգիենայի սովորությունները բարելավելու ուղղությամբ։ Սակայն, ըստ ԱՀԿ-ի, Կայուն զարգացման նպատակներով ՄԱԿ-ի կողմից սահմանված հիգիենայի չափանիշներին հասնելու համար ջանքերը պետք է քառապատկվեն:
Եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա մինչեւ 2030 թվականը 1,9 միլիարդ մարդ նախկինի պես տանը ձեռքերը լվանալու հիմնական միջոցների անբավարարություն կունենա:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեռքերը լվանալու պետական ծրագրերը կարող են զգալի տնտեսական արդյունք բերել՝ զգալիորեն գերազանցելով ներդրումների եկամտաբերությունը: Օրինակ, հետազոտություններից մեկը ցույց է տալիս, որ Հնդկաստանում ձեռքերը լվանալու պետական ծրագիրը կարող է ներդրումների 92-ապատիկ վերադարձ բերել:
«Մասշտաբային հավաքական ջանքեր են անհրաժեշտ»
Հիգիենայի համաշխարհային խորհուրդը առողջապահական մարմիններին կոչ է անում առաջնահերթ ուշադրություն հատկացնել ձեռքերի հիգիենային՝ վարակների կանխարգելման համար։
Հիգիենայի համաշխարհային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Էլիզաբեթ Սքոթը բացատրում է. «GHC-ը հանդես է գալիս հիգիենայի, հատկապես ձեռքերը լվանալուօգտին, որպես վարակների կանխարգելման կարեւորագույն միջոցներից մեկը: Անպատասխանատու է, որ 21-րդ դարում միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում դեռեւս հնարավորություն չունեն օճառով եւ ջրով ձեռքերը տարրական եղանակով լվանալ:
Անկասկած, մասշտաբային հավաքական ջանքեր են անհրաժեշտ հասարակության բոլոր մակարդակներում, ներառյալ հիգիենայի ենթակառուցվածքներում կառավարության ներդրումների ավելացումը: Այս տարրական կանոնները շարունակում են մնալ առողջապահական եւ համայնքային միջավայրերում վարակների կանխարգելման կարեւոր մեթոդ»,- ասել է Գլոբալ հիգիենայի խորհրդի նախագահ, փիլիսոփայության դոկտոր, պատվավոր պրոֆեսոր Էլիզաբեթ Սքոթը:






