Ռուսաստանում գրիպով հիվանդացությունը մի քանի անգամ աճել է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ՝ 143,6 դեպք 10 հազար բնակչի հաշվով, հայտնել է Սմորոդինցեւի անվան գիտահետազոտական ինստիտուտը:
Շտամների շարքում գերակշռում է այսպես կոչված խոզի գրիպը (H1N1): Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», ծագումնաբանորեն այն սկիզբ է առնում հայտնի իսպանական գրիպից, որը, ըստ որոշ գնահատականների, 1918-1920 թվականներին հարյուր միլիոն մարդու կյանք է խլել: Այս տարբերակը մի քանի անգամ վերադարձել է: Հատկապես ծանր էր 2009-ի համավարակը։ Այդ ժամանակ, ըստ ԱՀԿ-ի տվյալների, զոհվել է 18 449 մարդ։
Բայց կան նաեւ սովորական սեզոնային գրիպ՝ H3N2, եւ այլ շնչառական վիրուսային վարակներ։ Դրանք վերադարձել են COVID-19-ի հետ կապված երկամյա դադարից հետո։
«Կորոնավիրուսի հետ կապված գործել են հակահամավարակային միջոցառումներ՝ դիմակներ, հեռավորության պահպանում, ձեռքերի մշակում։ Դա, իհարկե, արդյունավետ էր նաեւ այլ վարակների, այդ թվում՝ գրիպի դեմ»,-բացատրել է բժշկական գիտությունների դոկտոր, իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը։
Այնուամենայնիվ, կորոնավիրուսը չի վերացել՝ չնայած այն մեծապես թուլացել է: Այլ վարակների հետ մեկտեղ այն դեռ վտանգ է ներկայացնում:
Գրիպի ամենամեծ ռիսկի խումբը հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաներն են: Ի դեպ, վտանգի տակ են նաեւ դեռահասները։ Արդեն եղել են մի քանի մահացու դեպքեր։ Ստավրոպոլում մահացել է ՆԳՆ համալսարանի 17-ամյա կուրսանտը, Յարոսլավլի մարզում՝ 15-ամյա աղջիկը, Չելյաբինսկում՝ 10-ամյա դպրոցականը:
Մի շարք շրջաններում կրթական եւ բժշկական հաստատություններում կարանտին է սահմանվել։ Ընդ որում, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի խոսքով՝ դաշնային մակարդակով սահմանափակումներ չեն նախատեսվում։
Սակայն, ըստ փորձագետների, իրականում ոչ մի արտասովոր բան դեռ տեղի չի ունենում։
«Շատերը գրիպի նկատմամբ իմունիտետ չունեն: Նրանք, ովքեր վարակվել են 2009 թվականին, կրկին վարակվելու դեպքում հեշտ կտանեն վարակը։ Իսկ ավելի ուշ ծնվածները ծանր կտանեն»,-ասել է Ժեմչուգովը։
Ռուսաստանում գրիպի դեմ զանգվածային պատվաստումն ավարտված է. պատվաստվել է երկրի բնակչության 52,2 տոկոսը կամ 74 միլիոն մարդ: Սա զգալիորեն պակաս է, քան անցյալ տարի (85,9 միլիոն՝ ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալների):
Փորձագետների կարծիքով՝ համավարակը կավարտվի, երբ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերվի, այսինքն՝ երբ այն ձեռք բերի բնակչության ավելի քան 70 տոկոսը։






