Յեյլի հանրային առողջության դպրոցի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Պովասան վիրուսը փոխանցվում է ամբողջ Նոր Անգլիայի կենտրոնացված տարածքներում՝ Կոնեկտիկուտ, Մեյն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Ռոդ Այլենդ և Վերմոնտ: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։
«Աներևակայելի կարևոր է հսկողություն անցկացնել՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում», - ասում է Յեյլի հանրային առողջության դպրոցի մանրէաբանական հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գիտաշխատող և գիտական աշխատության համահեղինակ Շանտալ Ֆոգելսը։ Նրա խոսքով. «Ընդլայնելով գիտնականների ունեցած այն քիչ տեղեկատվությունը գենոմի մասին, որն ունեցել են գիտնականները մեր ուսումնասիրությունից առաջ, մենք կարողացանք ուսումնասիրել փոխանցման, տարածման օրինաչափությունները և բացահայտել վիրուսի էկոլոգիան»:
Վիրուսների շարժման ուսումնասիրություն
Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են Պովասան 2-րդ գծի վիրուսի 279 նմուշներ, որոնք հայտնաբերվել են Կոնեկտիկուտ, Նյու Յորք և Մեյն քաղաքներում հավաքված եղջերուների տզերի մեջ՝ 2008-ից 2019 թվականներին:
Վերծանելով և համեմատելով վիրուսի գենոմները՝ հետազոտողները վերակառուցել են այս տարածաշրջանում վարակման պատմությունը:
Հետազոտողները պարզել են, որ 1940-ից 1975 թվականների միջակայքում հյուսիս-արևելքում առաջացել է 2-րդ գծի վիրուսի հիմնական ճյուղը, որը կազմում է Հյուսիսային Ամերիկայում Պովասանի դեպքերի մեծ մասը: Վիրուսի այս ճյուղն առաջին անգամ հայտնվել է Նյու Յորքի հարավում և Կոնեկտիկուտում: Այնուհետև՝ տեղի են ունեցել մի քանի հեռավոր թռիչքներ, հավանաբար, երբ վարակված տզերը բռնել են չվող թռչուններին կամ այլ ողնաշարավոր կենդանիների: 1991 թվականին վիրուսը հասել էր Մեյն։
Այժմ վիրուսը, կարծես թե, դանդաղ է շարժվում կամ մնում է տեղում: Այն ակտիվ է որոշակի «թեժ կետերում» և յուրաքանչյուրում զարգանում է ինքնուրույն։
Գիտնականներին չի հաջողվել գտնել ապացույցներ, որ վիրուսի առանձին կլաստերները խառնվել են միմյանց հետ Կոնեկտիկուտի երկու գոտիների միջև՝ 20 կիլոմետր հեռավորության վրա: Սակայն, փորձագետները նշում են, որ իրենք ուսումնասիրել են միայն սահմանափակ թվով վայրեր, հնարավոր է, որ բաց են թողել այլ «թեժ կետեր»։
Վիրուսը՝ նախկինում և այժմ
Պովասան վիրուսն այդպես է անվանվել, քանի որ այն առաջին անգամ հայտնաբերվել է Օնտարիո նահանգի Պովասան քաղաքից հինգ տարեկան տղայի մոտ: Հիվանդի մոտ ծանր էնցեֆալիտ էր զանգացել և նա մահացել էր 1958 թ.ին։ Մինչեւ 2006 թվականը, 12 ամիսը մեկ ախտորոշվում էր մոտ մեկ դեպք, սակայն 2010-ականների վերջից բժիշկները գրեթե ամեն տարի տասնյակ նման ախտորոշումներ են անում։
Հաշվի առնելով այն, որ վիրուսի քանակությունը, կարծես թե, նվազել է վայրի բնության մեջ, մարդկային վարակների այս աճը կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով. ավելի շատ մարդիկ են բախվում տզերի, և ավելի շատ բժիշկներ են ստուգում Պովասան վիրուսի առկայությունը կասկածելի ախտանիշներ ունեցող հիվանդների մոտ:
Ներկայումս այս վիրուսի դեմ պատվաստանյութ կամ բուժում չկա: Վարակված մարդկանց մեծամասնությունն ախտանիշներ չի զգում: Սակայն, որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել ուղեղի այտուցի և մահվան:
Ի տարբերություն Լայմի հիվանդության, որի դեպքում վարակված տզից մարդուն հիվանդության փոխանցումը տևում է մի քանի ժամ, Պովասանը կարող է փոխանցվել ընդամենը 15 րոպեում: Ամենայն հավանականությամբ, Նոր Անգլիայի ավելի շատ բնակիչներ են վարակվել վիրուսով, քան հայտնաբերվել է: «Սովորաբար մենք տեսնում ենք միայն ամենածանր դեպքերը, և հենց նրանք են հայտնվում հիվանդանոցում։ Բայց սա, հավանաբար, միայն այսբերգի գագաթն է»,- ասել է Ֆոգելսը:
Ստացված տեղեկությունները կօգնեն տեղական առողջապահական կառույցների ներկայացուցիչներին կենտրոնացնել իրենց ջանքերը Պովասան վիրուսի վերացման և վարակի տարածումը կանխելու վրա: Նոր Անգլիայից դուրս վիրուսը մեծ թվով գրանցվել է Մեծ լճերի տարածաշրջանում:






