Թոքերի զարկերակների բալոնային անգիոպլաստիկան կարող է ադյունավետ լինել քրոնիկական թրոմբոէմբոլիկ հիպերտենզիա ունեցող պացիենտների համար։ Այս մասին գրել է Medical Xpress պորտալը՝ հղում կատարելով այն հետազոտությանը, որն իրականացրել են Թեմփլի համալսարանի Լյուիս Կացի բժշկական դպրոցի գիտնականները։ Այդ նոր մոտեցումը կօգնի պացիենտներին, որոնց հակացուցված է սրտի բաց վիրահատությունը։

Բալոնային անգիոպլաստիկայի այս հետազոտությունը այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգներում ամենախոշորներից մեկն է։ Եզրակացությունները հրապարակվել են JACC: Advances ամսագրում։

Հետազոտության արդյունքները

Թոքերի զարկերակների հին թրոմբները կարող են խանգարել արյան հոսքին եւ հանգեցնել ճնշման բարձրացմանն ախտահարված անոթներում։ Երբ դա տեղի է ունենում, առաջ են գալիս հեւոց, հոգնածություն, ցավ կրծքավանդակում եւ ուշագնացություններ, որոնք լրջորեն վատացնում են կյանքի որակը։

Չնայած այս վիճակը, որը հայտնի է որպես թոքային թրոմբոէմբոլիկ հիպերտենզիա (ԹԹԷՀ), հաճախ արդյունավետ բուժվում է սրտի բաց վիրահատությամբ,  շատ պացիենտների այն հակացուցված է։ Այսպես տեղի է ունենում ուղեկցող հիվանդությունների կամ այն պատճառով, որ զարկերակների խցանումը գտնվում է վիրաբուժության համար անհասանելի տեղում։

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ թոքերի զարկերակների թրոմբոզի վերացումը այդ պացիենտների մոտ նկատելիորեն բարելավել է հանդուրժողականությունը ֆիզիկական բեռնվածության հանդեպ եւ կյանքի որակը»,- ասել է նոր հետազոտության ավագ գիտաշխատող Ռիյազ Բաշիրը։ Բաշիրը բժշկական գիտությունների դոկտոր է, բժշկության պրոֆեսոր եւ Թեմփլի համալսարանական հիվանդանոցի եւ Լյուիս Կացի  բժշկական դպրոցի անոթային էնդովասկուլյար բժշկության եւ սրտաբանության վարչության բաժանմունքի տնօրենը։ Այդ հիվանդանոցը ԱՄՆ-ում բալոնային անգիոպլաստիկայի օգնությամբ ԹԹԷՀ-ի բուժման առաջատար կենտրոններից մեկն է։

«ԹԹԷՀ ունեցող պացիենտները, որոնք թոքերի անոթների բալոնային անգիոպլաստիկա են անցել, ավելի քիչ ախտանշաններ ունեն, իսկ ոմանք կարող են առասարակ հրաժարվել դեղերից»,- նշել է Ռիյազ Բաշիրը։

Ի՞նչ է Բալոնային անգիոպլաստիկան (ԲԱՊ)

Թոքերի զարկերակների բալոնային անգիոպլաստիկան (ԲԱՊ) առաջին անգամ կիրառվել է 2000-ականների սկզբին, բայց շատ լուրջ բարդություններ է առաջացրել։ Վերջին մեկ տասնամյակում տեխնիկայի կատարելագործումը զգալիորեն բարձրացրել է դրա արդյունավետությունն ու անվտանգությունը։

1-s2.0-S2772963X23000467-gr1.jpg (62 KB)

Միջամտությունը կատարվում է աճուկի երակում ոչ մեծ խողովակ մտցնելով։ Դրանով երկար կատետրը մղում են թոքերի զարկերակներ, որտեղ  ռենտգենյան խցով տակ հայտնաբերում են թրոմբոզը։ Այդ տեղում մտցվում է բալոնը եւ դանդաղ փչվում՝ հեռացնելով խցանումը։ Պացիենտները սովորաբար առույգ են, միջամտության ժամանակ նրանց թեթեւ հանգստացնող միջոց են տալիս եւ կատարում տեղային անզգայացում։

Թոքերում ստենոզի հեռացման համար ԲԱՊ-ը կատարվում է մի քանի սեանսների ընթացքում։ Փուլային մոտեցումն օգտագործվում է բարդությունները, օրինակ՝ արնահոսությունը կանխելու համար։

«Շարունակելով կատարելագործել միջամտությունը՝ մենք հաջողությամբ իջեցրինք այդ պացիենտների մոտ արնահոսության հաճախականությունը»,- ասել է դոկտոր Բաշիրը։ Գիտնականները ցույց են տվել, որ թոքերի զարկերակների բալոնային անգիոպլաստիկան ոչ միայն համեմատաբար անվտանգ է, այլեւ կապված է  թոքային հիպերտենզիայի դրսեւորումների զգալի կրճատման եւ պացիենտի ինքնազգացողության լավացման հետ։