ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում, սեպտեմբերի 26-ին, կկայանա համաշխարհային ճանաչում ստացած «ՆԱՐԻՆԵ» կաթնաթթվային մթերքի արտադրության բացման արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, խոշոր դեղագործական ձեռնարկությունների նեկայացուցիչներ: «ՆԱՐԻՆԵ» մթերքը կիրառվում է որպես բուժ-կանխարգելիչ միջոց: Մթերքը կարեւոր դեր է խաղում աղիքային միկրոֆլորայի կարգավորման գործում՝ դիսբակտերիոզի եւ դրա հետեւանքների, այդ թվում՝ երկրորդային իմունաանբավարարության եւ քրոնիկ հոգնածության համախտանիշների դեպքում: Մթերքը նպաստում է նյութափոխանակության վերականգնմանը եւ բարձրացնում է իմունիտետը:
«ՆԱՐԻՆԵ»-ի կաթնաթթվային բակտերիաները կայուն են մի շարք հակաբիոտիկների գործունեության եւ քիմիաթերապեւտիկ միջոցների նկատմամբ: Օժտված են բարձր հակազդիչ ակտիվությամբ լայն սպեկտրի ախտածին եւ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ (դիզէնտերիայի, որովայնային տիֆի, սալմոնելոզի հարուցիչներ, ախտածին աղիքային ցուպիկներ, ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր, պրոտեաներ): Վերականգնում են աղիքային ամբողջ ուղու նորմալ միկրոֆլորան, ինչպես նաեւ դրա շարժողականությունը: Նպաստում են օրգանիզմում B խմբի, C, E, P վիտամինների, ֆոլաթթվի, բիոտինի սինթեզին:
«ՆԱՐԻՆԵ» մթերքի կիրառումը երաշխավորված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Այն ստեղծված է պրոֆեսոր Լեւոն Երզինկյանի կողմից ՀՍՍՀ ԳԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտում, որի իրավահաջորդը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն է:
«ՆԱՐԻՆԵ» մթերքի սերիական արտադրության գաղափարը պատկանում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կոլեկտիվին:
Մթերքը թողարկվում է համաձայն ՀՍՏ 173-98 Ն17: Համապատասխանության սերտիֆիկատ №0271159 առ 01.07.2014 թ.:
«ՆԱՐԻՆԵ»-ն կաթնաթթվային մթերքը ստացվում է L. acidophilus ИНМИА B-9602 (Ep317/402) կաթնաթթվային բակտերիաների մաքուր կուլտուրայով նորմավորված կաթի խմորման ճանապարhով:






