Ականջների ասեղնածակումը՝ մետաղագնդիկների օգտագործմամբ եւ սննդակարգի պահպանմամբ, հանգեցնում է քաշի, մարմնի զանգվածի ինդեքսի իջեցման եւ գոտկատեղում ճարպային նստվածքների նվազման, պարզել են ճապոնացի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները ներկայացվել են ճարպակալմանը նվիրված Եվրոպական կոնգրեսում։
Հեղինակների խոսքով՝ գնդիկների օգտագործումն ասեղների փոխարեն միջամտությունն ավելի հասանելի է դարձնում, քանի որ հատուկ հմտություններ չի պահանջում։ Գնդիկներն ամրացվում են ականջի վեց կետերում եւ խթանում ախորժակը, հագեցումն ու քաղցը կարգավորող նյարդերն ու օրգանները։
Հետազոտությանը մասնակցել է 81 տղամարդ, նրանք բոլորը տառապում էին ավելորդ քաշից։ Փորձի սկզբում գիտնականները չափել են նրանց քաշը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ գոտկատեղի չափը։ Երեք ամսվա ընթացքում բոլոր կամավորականները գնդիկներ էին կրում ականջների վրա, որոնք ականջին մնում էին վիրահատական ժապավենի օգնությամբ։ Այսպիսով, մասնակիցները մշտապես ստանում էին հավասարաչափ ճնշում յուրաքանչյուր վեց կետերի վրա։ Գնդիկները փոխվում էին շաբաթը երկու անգամ, հիվանդանոց այցելելու ժամանակ։ Մասնակիցները նաեւ ճիշտ սննդակարգ էին պահպանում եւ օրագիր էին լրացնում։
Հետազոտության ավարտին կամավորականները միջինը կորցրել էին 10,4 սանտիմետր գոտկատեղից ( հետազոտության սկզբում 98,4 սանտիմետրից մնացել էր 88 սանտիմետր) եւ օրգանիզմի ընդհանուր ճարպի 4 տոկոսը։






