«ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամը, որը զբաղվում է պացիենտների շահերի պաշտպանությամբ, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երեւանի քաղաքապետարան եւ Առողջապահության նախարարություն ուղարկած հարցումները եւ ստացած պատասխանները Տամօքսիֆեն դեղամիջոցի վերաբերյալ։

Հիմնադրամը նշում է, որ բազմաթիվ բողոքներ է ստացել պացինտներից այն մասին, որ պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները ՀՀ ողջ տարածքում տեւական ժամանակ է չեն տրամադրում Տամօքսիֆեն դեղամիջոցը, որը ներառված է ՀՀ «Հիմնական դեղերի ցանկում» եւ պացիենտներին պետք է տրամադրվի անվճար։

«Պացիենտները ստիպված են ձեռք բերել Տամօքսիֆենն անձնական միջոցներով, եւ անգամ այս դեպքում խնդիրներ կան, քանի որ սակավաթիվ դեղատներում է այն առկա։ Այս դեղը կենսական նշանակություն ունի կրծքագեղձի քաղցկեղով մի ստվար խմբի պացիենտների համար, այն ընդունում են տարիներով, եւ ընդունման ընդհատումը հղի է լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ քաղցկեղի կրկնություն (ռեցիդիվ)», – նշվում է հիմնադրամի գրառման մեջ։

Ըստ «ՀԵՆԱՐԱՆԻ»,  Երկու գերատեսչություններից էլ պատասխանել են, որ պոլիկլինիկաները չեն ապահովվել Տամօքսիֆեն դեղամիջոցով, քանի որ դեղերի ձեռքբերման մրցույթները Տամօքսիֆեն դեղի մասով չեն կայացել։

«Նախարարության պատասխանում  նշվում է, որ որպես խնդրի լուծմանն ուղղված քայլ առողջապահության նախարարի հրամանով դեղագործական ընկերություններին թույլատրվել է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող Տամօքսիֆեն դեղի ներմուծումը: Բայց չի նշվում, թե քանի անգամ է տրվել այդ թույլտվությունը եւ ինչ ժամկետով։ Մեր ունեցած տեղեկություններով եղել է ընդամենը մեկ թույլտվություն, որը տրվել է 2022թ․ նոյեմբերի 10-ին եւ ուժի մեջ է եղել մինչեւ 2023թ․ փետրվարի 28-ը։ Այդ ընթացքում մի շարք դեղագործական ընկերություններ ներմուծել են չգրանցված Տամօքսիֆեն, բայց չեն մասնակցել պետական գնումներին, քանզի պարզ չէ, թե չգրանցված դեղերի մասնակցությունը պետգնումների գործընթացին որքանով է օրինական։

Նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որով «նախատեսվում է հնարավորություն ստեղծել պետության կարիքների համար ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության համար»: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունը չի հստակեցրել, թե ինչ անեն պացիենտները, քանի դեռ պատկան մարմինները երկար ու ձիգ որոշումներ են կայացնում, իսկ պացիենտները ստիպված են դեղը ձեռք բերել անձնական միջոցներով, բացի այդ՝ առկա է դեղի դեֆիցիտ։ Նախարարությունից նշել են, որ «չունեն ֆինանսական աջակցության գործառույթ»։ Մինչդեռ միեւնույն նախարարությունը, ունենալով երաշխավորի գործառույթ, պատշաճ կերպով չի իրականացնում այն եւ չի տրամադրում ֆինանսական աջակցություն/փոխհատուցում այդ գործառույթն իր կողմից չկատարելու պարագայում», – ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այս խնդրին NEWS.am Medicine-ը անդրադարձել էր դեռ ապրիլի սկզբին։

Ինչո՞ւ Երեւանի պոլիկլինիկաներում տամօքսիֆեն չեն տրամադրում. ԱՆ–ն հորդորում է դիմել քաղաքապետարան

Առողջապահության նախարարության բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության վարչության պետ Մարինե Հարությունյանը այն ժամանակ վստահեցրել էր, որ տամօքսիֆենի խնդիր Հայաստանում չկա, իսկ եթե այդպիսի խնդիր կա, ապա պետք է դիմել քաղաքապետարաններ եւ մարզպետարաններ։

Նա նաեւ հայտնել էր, որ քանի որ մեր օրենսդրությամբ միայն մի քանի գերատեսչություններ՝ Առողջապահության նախարարությունը, ՊՆ եւ ՆԳՆ-ն իրավունք ունեն ձեռք բերել չգրանցված դեղեր, ԱՆ-ն մտադիր է թույլատրել նաեւ պոլիկլինիկաներին չգրանցված դեղեր ձեռք բերել։

Բայց ինչպես տեսնում ենք, մեկուկես ամիս անց սայլը դեռ տեղից չի շարժվել, եւ պացիենտները շարունակում են իրենց միջոցներով ձեռք բերել դեղը, որը պետք է նրանց տրամադրվի անվճար։