Ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումը չափազանց թանկ պրոցեդուրա է, սակայն որոշ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում այն կարող է փրկել հիվանդների, այդ թվում՝ երեխաների կյանքը: Քանի որ աշխարհում արդեն առկա է ոսկրածուծի փոխպատվաստման մեծ փորձ, մասնագետները բավականաչափ տվյալներ են հավաքել այն մասին, թե փոխպատվաստման շրջանակներում ինչ պրոցեդուրաներ են իրականում անհրաժեշտ, եւ որոնց վրա կարելի է ապահով կերպով խնայել՝ փոխպատվաստման ընդհանուր արժեքը նվազեցնելու համար, հատկապես միջին եկամուտ ունեցող երկրներում: Մանկական արյունաբան-ուռուցքաբան, ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Բ․ Ֆոլքները (Իտալիա) NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ ոսկրածուծի փոխպատվաստումը, ինչպես ցանկացած բարդ բժշկական պրոցեդուրա, հաճախ ներառում է բազմաթիվ բարդ եւ թանկարժեք դեղամիջոցներ, տեխնիկա, ընթացակարգեր, որոնց օգտագործումը, սակայն, ոչ միշտ է հիմնավորված գիտական ապացույցներով։   

«Մեր մոտեցումն այն է, որ եթե չկան ապացույցներ, որ այս թանկ եւ բարդ պրոցեդուրան կարող է դրական ազդեցություն ունենալ փոխպատվաստման արդյունքի վրա, մենք չենք աջակցի դրան, մենք չենք վճարի դրա համար»,-ասաց նա։ «Շատ փոխպատվաստումներ արդեն կատարվել են, եւ բավականաչափ տվյալներ են հավաքվել այն մասին, թե փոխպատվաստման շրջանակներում որ ընթացակարգերն այդքան էլ կարեւոր չեն, իսկ որոնց վրա ոչ մի դեպքում չի կարելի խնայել»,-նշեց մասնագետը։  

Նրա խոսքով՝ շատ կենտրոններում, որտեղ կատարվում է ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում, ընդունված է համարել, որ բաժանմունքում պետք է լինի ամբողջական ստերիլություն, օդը պետք է հատուկ զտվի, պետք է լինի դրական ճնշում եւ այլն: Սակայն, ինչպես նշեց մասնագետը, ճշմարտությունն այն է, որ ոչ մի գիտական ապացույց չկա, որ այդ ամենն ինչ-որ կերպ ազդում է փոխպատվաստման արդյունքի վրա եւ բարձրացնում հիվանդների ապրելիության հավանականությունը։

Եթե այդպիսի ապացույցներ չկան, գուցե իմաստ ունի հրաժարվել բաժանմունքում ամբողջական ստերիլությունը պահպանելու այս ցանկությունից, քանի որ դա բավականին թանկ է: Բացի այդ, ոսկրածուծի փոխպատվաստման շրջանակներում օգտագործվում են մի շարք իսկապես թանկ դեղամիջոցներ, բայց, ըստ բժիշկ Ֆոլքների, հաճախ նույն արդյունքների կարելի է հասնել՝ օգտագործելով ավելի էժան դեղամիջոցներ։

Եվ նման բոլոր միջոցները կարող են օգնել բազմակի նվազեցնել պրոցեդուրայի արժեքը, ինչը շատ կարեւոր է, հատկապես միջին եկամուտ ունեցող երկրների համար:

Խոսելով Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտում ունեցած հաջողությունների եւ խնդիրների մասին՝ Ֆոլքները նշեց, որ այստեղ արդյունքները բավականին լավ են․ փոխպատվաստման 80 տոկոսը հաջող է անցել, ինչը նշանակում է, որ կենտրոնը, որտեղ իրականացվում են այդ պրոցեդուրաները, աշխատում է ինչպես հարկն է, եւ այն հիվանդություններով երեխաների մոտ, որոնց դեպքում փոխպատվաստումը կարող է արդյունավետ լինել, բացարձակապես ոչ մի պատճառ չկա այդ պրոցեդուրայի համար արտասահման մեկնել։

Ճիշտ է, այս ոլորտում խնդիրներ, մասնագետի կարծիքով, նույնպես կան։

«Փոխպատվաստման ոլորտում շատ կարեւոր դեր են խաղում բուժքույրերը, եւ ես կարծում եմ, որ բուժքույրերը, ովքեր մասնագիտանում են այս ոլորտում, պետք է շատ ավելին վաստակեն։ Իսկ հիմա նրանց ավելի քիչ են վճարում, քան արժանի են»,-նշեց մասնագետը։

Բացի այդ, նրա կարծիքով, բուժքույրերը, հատկապես նրանք, ովքեր աշխատում են քաղցկեղով հիվանդների հետ եւ օգնում են ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակ, պետք է պարբերաբար բարձրացնեն իրենց որակավորման մակարդակը, մասնակցեն միջազգային գիտաժողովների, անցնեն վարպետության դասեր: Եվ որպեսզի նրանք այս ամենի հետ շփման հետ կապված խնդիրներ չունենան, նրանց կլինիկաների ղեկավարությունը պետք է խրախուսի նրանց սովորել անգլերեն:

Ֆոլքները մանկական ուռուցքաբանության միջազգային հանրության Ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia XV կոնգրես 2023) բանախոսներից մեկն է։ Այն մեկնարկել է  մայիսի 18-ին Երեւանում։ Համաժողովի շրջանակներում մայիսի 21-ին նա հանդես կգա դասախոսությամբ՝ «Փոխպատվաստման/բջջային թերապիայի ծառայության գործարկում եւ կայունություն միջին եկամուտ ունեցող երկրներում» թեմայով (Transplantation/cell therapy service start-up and sustainability in middle-income countries)։