Յուվենիլ միելոմոնոցիտային լեյկոզը (Juvenile myelomonocytic leukaemia, JMML) քրոնիկ լեյկոզի տեսակ է, որը հանդիպում է փոքր երեխաների մոտ (սովորաբար մինչեւ 4 տարեկան): Մանկական արյունաբանության/ուռուցքաբանության եւ ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Մահմուդ Համադը (Եգիպտոս) NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ այդ հիվանդությունն ախտորոշվում է հիվանդների մոտ 2 տոկոսի մոտ։

Չնայած հիվանդության տարածվածությունը փոքր է, պացիենտներին, որոնց մոտ այն ախտորոշվել է, պահանջվում է բուժում ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով: Այս պահին սա միակ արդյունավետ բուժումն է այս հիվանդության համար: Եվ շատ զարգացող երկրներում դա լուրջ խնդիրներ է ստեղծում. ամենուր չէ, որ նման փոխպատվաստում կարող են անել, եւ այդ պրոցեդուրան շատ թանկ արժե, եւ շատ երկրներում բժշկական ապահովագրությունը դրա համար չի վճարում։ Նշենք, որ Հայաստանում ցողունային բջիջների փոխպատվաստումն իրականացվում է արդեն մի քանի տարի։

2018 թվականին Երեւանում իրականացվել է ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման առաջին վիրահատությունը․ պացիենտը 2-ամյա աղջիկ է եղել նեյրոբլաստոմայով՝ ծանր օնկոլոգիական հիվանդությամբ, եւ նրան փոխպատվաստել են իրենից վերցված եւ հատուկ մշակված ցողունային բջիջները: 2021 թվականին երկրում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոտրանսպլանտացիայի երկու վիրահատություն։ Հիվանդները 5 եւ 1.8 տարեկան երեխաներ էին՝ մանգաղաբջջային անեմիայով: Այս դեպքում ցողունային բջիջներն արդեն վերցվել են դոնորներից, որոնք դարձել են պացիենտների քույրն ու եղբայրը։  

Յուվենիլ միելոմոնոցիտային լեյկոզի դեպքում, ինչպես նշել է բժիշկ Համադը, պահանջվում են դոնորական ցողունային բջիջներ, եւ դոնոր կարող է դառնալ եղբայրը/քույրը կամ ծնողներից մեկը: Իսկ նրանցից ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող է պացիենտին վերականգնման 65 տոկոս հնարավորություն տալ։   

Մասնագետի խոսքով՝ սա լավ ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ առանց փոխպատվաստման պացիենտի մահը գրեթե երաշխավորված է մեկ տարվա ընթացքում: Բժիշկ Համադը մայիսի 18-ին Երեւանում մեկնարկած մանկական ուռուցքաբանության միջազգային հանրության (SIOP Asia 2023 XV Congress) Ասիական 15-րդ համաժողովի բանախոսներից է: Գիտաժողովի շրջանակներում մայիսի 19-ին նա հանդես է եկել «Զարգացող երկրում յուվենիլ միելոմոնոցիտային լեյկոզի հիմնախնդիրներն ու փորձը» թեմայով դասախոսությամբ (Challenges and the experience of Juvenile Myelomonocytic Leukemia from a developing country):