2-ամյա Մերին շուտով տուն կգնա. Հայաստանում առաջին անգամ կատարվել է երեխայի ոսկրածուծի աուտոփոխպատվաստում

17 օգոստոսի, 2018  17:54

2-ամյա Մերին արդեն ակտիվորեն խաղում է տիկնիկներով եւ բազմագույն խորանարդիկներով, ժպտում է, փորձում խոսել: Միայն ձեռքին ամրացված կաթիլայինից եւ գլխին կապած բանդանայից է հնարավոր կռահել, որ աղջնակը վերջերս է ավարտել շատ ծանր բուժումը, դուրս գրվելուց առաջ նրան արդեն տալիս են վերջին դեղերը, իսկ քիմիաթերապիայի կուրսից հետո մազերը դեռեւս չեն աճել:

Մի քանի շաբաթ առաջ Մերին դարձել է Հայաստանում առաջին երեխան, ում կատարել են ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում: Մերիի մոտ առկա է նեյրոբլաստոմա՝ ծանր ուռուցքային հիվանդություն, եւ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի հայ մասնագետների կատարած միջամտությունը՝ Սանկտ Պետերբուրգից մասնագետների աջակցությամբ, նրան անհրաժեշտ բուժման մի մասն էր:

Մի քանի ամիս առաջ Մերիի ազգականները նկատել են, որ նրա հետ ինչ-որ բան այնպես չէ. աղջկա ջերմությունը բարձրացել է, փորի չափերը մեծացել: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց աղջկա տատիկը՝ Սուսաննա Գասպարյանը, իրենք սկզբում մտածել են, թե նա պարզապես ատամ է հանում: Սակայն մեծացած փորը չէր կարող ատամների ախտանշան լինել, ուստի որոշել են նրան բժշկի տանել: «Մուրացան» ԲԿ-ում Մերիի մոտ 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա է ախտորոշվել: Այնտեղ էլ աղջիկը ստացել է քիմիաթերապիայի 2 կուրս, որից հետո նրան տեղափոխել են Արյունաբանական կենտրոն, որտեղ կատարվել է ոսկրածուծի ցողունային բջիջների հավաքում, որից հետո աղջիկը բարձր դոզայով քիմիաթերապիայի կուրս է ստացել: Հուլիսի 17-ին անցկացրել են աղջկանից ստացված եւ հատուկ մշակված ցողունային բջիջների փոխպատվաստումը:  

Ինչպես լրագրողներին ասաց Հայաստանի Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Հայաստանում ամեն տարի մոտ 80-100 երեխայի մոտ ախտորոշվում է չարորակ նորագոյացություն, սակայն ամենեւին ոչ բոլորը ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեն. մեծ մասամբ դեղորայքային բուժման մեթոդները բավականին արդյունավետ են եւ օգնում են փոքրիկ հիվանդներին բուժել:

2015 թվականի ապրիլից Հայաստանում սկսել են կատարել ոսկրածուծի ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում: Այդ ընթացքում այստեղ կատարել են արդեն 6  այդպիսի վիրահատություն մեծահասակ հիվանդներին, իսկ հիմա նաեւ երեխային: Մասնագետների խոսքով՝ Հայաստանում 2 տարի հետո, ամենայն հավանականությամբ, կսկսեն կատարել ալլոփոխպատվաստումներ՝ դոնորից վերցված բջիջների պատվաստում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ երբ այս ոլորտում հայ մասնագետներն ավելի շատ փորձառություն ունենան, հավանաբար, այստեղ հիվանդներ կժամանեն նաեւ ուրիշ երկրներից, քանի որ Հայաստանում գները շատ ավելի ցածր են, քան այլ երկրներում, որտեղ նման վիրահատություններ են անցկացվում:

Ինչպես նշեց բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը, Բելառուսում, օրինակ, ցողունային բջիջների փոխպատվաստումն արժե մոտ 80 հազար դոլար, Գերմանիայում գները տարբեր են՝ մոտ 50 հազար եվրոյից մինչեւ 100 հազար, ԱՄՆ-ում՝ մոտ 100 հազար դոլար:

Մերիի վիրահատությունը հաջող է անցել, եւ նա հիմա իրեն լավ է զգում: Հաջորդ շաբաթվա սկզբին նա, ամենայն հավանականությամբ, արդեն տուն կվերադառնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի