Ժամանակ առ ժամանակ նորանոր հետազոտություններ են իրականացվում՝ այն եզրահանգմամբ, որ մարդկությանը հայտնի հիվանդությունների եւ խանգարումների մեծ մասի՝ քաղցկեղից մինչեւ սրտանոթային բարդություններ, կանխարգելման թերեւս միակ արդյունավետ միջոցը ֆիզիկական ակտիվությունն է: Բացի այդ, ֆիզիկական վարժությունները նաեւ մարդու մտավոր առողջությանն ու բարձր տրամադրությանն են նպաստում, էլ չենք խոսում իմունային համալարգի ամրապնդման եւ շաքարախտից ու դեպրեսիայից պաշտպանության մասին: Սակայն, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նաեւ բացասական հետեւանքների կարող է հանգեցնել. խոսքը, Medical Daily-ի հաղորդմամբ, ատամների առողջության մասին է:

Scandinavian Journal of Medicine & Science in Sports ամսագրում հրապարակված տվյալների համաձայն, գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ ինտենսիվ ֆիզիկական վարժություններ իրականացնող մարդիկ, ինչպես, օրինակ, օլիմպիական մարզիկներն են, ատամների թույլ առողջության տեսանկյունից ամենառիսկային խմբերից մեկում են գտնվում: Հետազոտության հեղինակները եռացատկով զբաղվող 35 մարզիկների ատամների առողջության վերաբերյալ տվյալներ են հավաքագրել, թքի հետազոտություն իրականացրել եւ հարցախույց նախաձեռնել՝ ֆիզիկական վարժություններին առնչվող սովորությունների եւ նախապատվելի սպորտային խմիչքների վերաբերյալ:

Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ օլիմպիականների կողմից օգտագործվող սպորտային խմիչքների տեսակի, ծավալի եւ ընդհանրապես՝ սննդակարգի ու ատամների առողջության միջեւ որեւէ կորելյացիոն կապ չի գործում: Գիտնականներին մեծ զարմանք է պատճառել այն հանգամանքը, որ, երեւույթի պատճառը հարկավոր է մարզվելիս թքի մեջ տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորել: Մասնավորապես, գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ շուրջ 35 րոպե տեւողությամբ վազքի արդյունքում մարզիկների բերանում որոշակի չորացում՝ թքի պակաս է նկատվում: Ավելին, նաեւ վերջինիս քիմիական բաղադրությունն է փոխվում: Թուքը սկսում է առավել ալկալինային դառնալ (սովորաբար այն մինչեւ 7,4 pH մակարդակ է ունենում), ինչը ատամների համար որոշակի խնդիրների առաջացում է ենթադրում:

Բայց եթե ինտենսիվ մարզումների ժամանակ թքի քիմիական անցանկալի փոփոխություն է նկատվում, դա դեռեւս չի կարող ատամների առողջության կորստի միակ գործոնը համարվել: «Միակ բանը, որ կարող են այս պահին հավաստել, այն է, որ երկարատեւ մարզումները ատամների համար վնասակար հետեւանքներ են ենթադրում», - նշել է Հեյդելբերգի համալսարանական հիվանդանոցի ավագ ատամնաբույժ դոկտոր Կորնելիա Ֆրիզը:

Մեկ այլ՝ 2012թ.-ի Ամառային Օլիմպիական խաղերի 278 մասնակիցների շրջանում իրականացված հետազոտությամբ, որի արդյունքները 2013թ.-ին British Journal of Sports Medicine ամսագրի էջերում են նկարագրություն գտել, եւս մեկ վկայություն է ստացվել առ այն, որ ինտենսիվ ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդկանց մեծ մասի մոտ ատամների քայքայում եւ լնդային հիվանդություններ են նկատվում: 

Իհարկե, ոչ մի մարզիկ չի համաձայնի, հանուն ատամների առողջության, սպորտային կարիերային հրաժարվել, եւ ոչ ոք չի էլ պնդում, որ այդպես է պետք: Փոխարենը գիտնականներն առաջարկում են ատամներն ամեն օր խոզանակել, հաճախակի ջուր խմել եւ քաղցրահամար խմիչքներից ու սննդատեսակներից հրաժարվել: