Հայաստանում թվային առողջապահության խնդիրները նույնն են, ինչ այլ երկրներում․ դրանք համամարդկային են, կապված բժիշկների ծանրաբեռնվածության և պահպանողականության հետ։ Այս մասին «Թվային առողջապահություն» սատելիտային սիմպոզիումի շրջանակում NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Avetis Health Informatics Fellowship ծրագրի տնօրեն Արմինե Լուլեջյանը։

Ըստ նրա, այստեղ նույն խոչընդոտներն են, որոնք եղել են ԱՄՆ–ում, քանի որ ամեն տեղ «մարդիկ մարդիկ են, բժիշկները բարձր չեն վարձատրվում, շատ հոգնած են, շատ են աշխատում և չեն սիրում նորամուծություններ»։

ARS_1130.JPG (1.36 MB)

«Մի բարդ շրջան է ընթանալու, որը նման է լինելու երկրաշարժի, որին պետք է դիմանալ և դուրս գալ նոր աշխարհ, նոր ձևով։ Ադապտացիոն շրջանն ամենաբարդն է, բայց այդ բարդություններով անցնելուց հետո ամեն ինչ շատ ավելի մատչելի և հեշտ է դառնում։ Թվային առողջապահությունը դառնալու է նորմա, ուզենք թե չուզենք, որովհետև ցանկության բացակայության դեպքում Հայաստանը հետ է մնալու այլ երկրներից», -հավելեց Արմինե Լուլեջյանը։

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ևս նշեց, որ բուժաշխատողները խուսափում են թվային առողջապահության գործընթացն իրականացնելուց, քանի որ դա պահանջում է հավելյալ ժամանակ, աշխատանք և լրացուցիչ համակարգչային հմտություններ։ Նա նշեց, որ իրենք փորձում են մտնել բժշկի դրության մեջ և ստեղծում են գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս հպումներով հավաքել տեքստերը, այսինքն ՝ հեշտացնում ենք գործընթացը։ Ապագայում նաև հնարավոր կլինի օգտվել ձայնային գործիքներից։ Բայց միևնույն է, շատ տեղերում շարունակում են թղթային մատյաններ վարել։

ARS_1235.JPG (1.31 MB)

«Հրաման կա թղթային մատյան չստեղծելու, անգամ բացակայում է այլընտրանքը, դա  մազոխիզմ է, այսինքն մարդը, հնարավորություն ունենալով մեկ հպումի օգնությամբ այդ մատյանը էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու, նախընտրում է գրիչն ու թուղթը։ Թե ինչու է մարդը նախընտրում էլեկտորնային մատյանի փոխարեն գրիչով մատյանները լրացնել, ինձ համար հանելուկ է, ես չեմ կարող հասկանալ այդ հոգեբանությունը»- ասաց Ավետ Մանուկյանը։

ARS_1163.JPG (817 KB)

Խոսելով այն մասին, որ բուժհաստատույթունները ոչ բոլոր այցերն են գրանցում ArMed համակարգում, այլ միայն պետպատվերով կամ սոցփաթեթով ֆինանսավորվողները, Ավետ Մանուկյանը նշեց, որ դա օրենքի խախտում է։

 «ArMed-ում գրանցվում են ոչ միայն պետպատվերով և սոցփաթեթով այցերը, այլ նաև մասնավոր այցերի մեծ մասը։ Բուժհիմնարկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգին։ Այդ գործընթացը կարգավորվում է օրենքով, առողջապահության նախարարի հրամանագրով, պետպատվերի պայմանագրի հատուկ կետով, ըստ որի կա պարտավորվածություն՝ պետպատվերի պայմանագիր կնքելուց ամբողջ տեղեկատվությունը ներկայացնել պետությանը՝ անկախ ծառայության ֆինանսավորման ձևից», - ասաց նա։

ARS_1153.JPG (1.22 MB)

Ավետ Մանուկյանի տվյալներով՝ շուրջ 547 բժշկական կազմակերպություններ ներգրավված են ArMed էլեկտրոնային համակարգում։ Այն ներառում է Հայաստանի պոլիկլինիկաների, բժշկական կենտրոնների, հիվանդանոցների հարյուր տոկոսը, սակայն ոչ բոլոր ստոմատոլոգիական և դիագնոստիկ կենտրոնները։ Առկա է հիմնական բժշկական կազմակերպությունների և ծառայությունների մեծ ծավալ։ 

ARS_1170.JPG (1.13 MB)

Նա նշեց, որ ArMed էլեկտրոնային համակարգի խնդիրը ոչ միայն բուժհիմնարկների միացման ապահովումն է, այլ նաև բոլոր քաղաքացիների այցերի արտացոլումը էլեկտրոնային համակարգում, որի իրականացման համար հարկավոր է երեք կարևորագույն բան՝

  • Բուժհիմնարկների ադմինիստրացիայի հետևողականությունը, որպեսզի ամբողջ տեղեկատվությունը պատշաճ մուտքագրվի ArMed համակարգ բուժաշխատողների կողմից
  • Բուժաշխատողի հետաքրքրվածություն, շահագրգռվածություն և համապատասխան գործողություններ դա իրականացնելու համար
  • Քաղաքացիների կողմից հետադարձ կապ, որը կվերահսկի սեփական անձի նկատմամբ իրականցված ցանկացած բժշկական գործողության արտացոլումը համակարգում։

«Առաջին երկուսի համար նախատեսված է ArMed.am վեբ կայքը կամ ինտեգրումը API-ի միջոցով՝ բուժհիմնարկում գործող համակարգի և ArMed-ի միջև: Երրորդի համար գործում է բջջային հավելված, որը  ցանկացած քաղաքացի կարող է ներբեռնել, դեմքի ճանաչողական համակարգի միջոցով մուտք գործել և ստանալ հասանելիություն անձնական առողջապահական տեղեկատվությանը։ Հավելվածի միջոցով՝ քաղաքացին կարող է տեղեկացնել էլեկտրոնային համակարգում որևէ սխալ արտացոլված այցի, իրականությանը անհամապատասխան կամ, առհասարակ, այցի բացակայության մասին։ Բոլոր նման ծանուցումները մանրամասն դիտարկվում են, որից հետո իրականցվում են համապատասխան գործողություններ՝ խնդիրը լուծելու համար», -  ասաց նա։

ARS_1200.JPG (1.03 MB)

Հայաստանի վեցերորդ միջազգային բժշկական համագումարի (6imca) շրջանակներում Առողջապահության ազգային ինստիտուտը, Avetis Health Informatics Fellowship-ը և վեցերորդ համագումարը  համատեղ կազմակերպել են թվային առողջապահության վերաբերյալ կոնֆերանս, որի նպատակն է՝ ներկայացնել տարբեր երկրների թվային առողջապահության փորձը Հայաստանի գործող բուժհաստատություններին և կազմակերպություններին, ինչպես նաև խթանել այդ գործընթացը Հայաստանում։

ARS_1147.JPG (1.05 MB)