Գլխի եւ պարանոցի վիրաբուժության մեջ ամենահաճախ հանդիպողը վահանաձեւ գեղձի վիրահատություններն են։ «Նաիրի» բժշկական կենտրոնում ամսական այս հատվածի 15-20 վիրահատություն է կատարվում, որոնցից ամեն երկրորդը՝ վահանաձեւ գեղձի։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ Գլխի եւ պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը, բժշկական կենտրոնում աշխատում են ամերիկյան կնցեպտով՝ գլուխն ու պարանոցը դիտարկելով որպես մեկ ամբողջություն։

Բժշկի խոսքով՝ վահանաձեւ գեղձի բարորակ գոյացությունների դեպքում վիրահատությունների ծավալը մեծ չէ։ Խոսքը հիմնականում վերաբերում է խպիպին՝ հանգուցային կամ դիֆուզ։ Որոշ դեպքերում վիրահատություններն իրականացվում են, երբ առկա է վահանաձեւ գեղձի գերֆունկցիա։

«Կա եւս մի միջանկյալ սեգմենտ. կոչվում է վահանաձեւ գեղձի ֆոլիկուլյար նեոպլազիա։ Դրանց մեծ մասը ձեավորվում է որպես վահանաձեւ գեղձի ադենոմաներ։ Իսկ փոքր հատվածը՝ 25-30 տոկոսը, ձեւավորում է վահանաձեւ գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղ։ Եվ այս խումբը եւս վիրաբուժական առումով ուշադրության արժանի է»,- ասել է նա։ Այնուհետեւ ըստ բարդության արդեն գալիս է վահանաձեւ գեղձի քաղցկեղը։

Բժիշկը պարզաբանել է, որ վահանաձեւ գեղձի հիվանդությունների ախտորոշման ստանդարտ մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է։ Ինչից հետո նմուշն ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության։

Եթե առաջ քաղցկեղի դեպքում վահանաձեւ գեղձը հեռացնում էին ամբողջությամբ ավշային բոլոր հանգույցներով հանդերձ, ապա այսօր մոտեցումը փոխվել է։ Յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում բոլոր գործոնները. ուռուցքի տեսակը, տարածվածությունը, ագրեսիվությունը, որպեսզի վիրահատության արդյունքում գեղձը հնարավորինս պահպանվի։ Որոշ դեպքերում խնդիրը լուծվում է փոքր ոչ վիրահատական միջամտությամբ։

«Շատ քիչ դեպքերում ենք մենք գնում այն քայլի, երբ որ վահանաձեւ գեղձը պետք է ամբողջությամբ հեռացնել։ Եվ նույնիսկ կան ոչ վիրաբուժական մեթոդներ, որոնք կիրառվում են ոչ մեծ ուռուցքների դեպքում։ Որոշ բարորակ ուռուցքների դեպքում կիրառվում է աբլյացիա։ Վահանաձեւ գեղձի ժամանակակից վիրաբուժությունը ուռուցքաբանության տեսանկյունից ընտրողական է։ Գնահատվում են բազմաթիվ գործոններ, որպեսզի առավելագույնս հնարավոր լինի իրականացնել օրգանապահպան վիրահատություն։ Եվ կարելի է ասել, որ յուրաքանչյուր երկրորդ վիրահատությունը, եթե ոչ ավելին, փոքր ծավալի է լինում։ Այնինչ ժամանակին կար մեկ վիրահատություն՝ վահանաձեւ գեղձի ամբողջական հեռացում, եւ վերջ»,- ասաց նա։

Բացի այդ, ընտրովի են հեռացվում նաեւ ավշային հանգույցները։ Հեռացվում են մնիայն այն ավշային հանգույցները, որոնցում կա քաղցկեղ։

Վահանաձեւ գեղձի վիրաբուժությունում կարեւոր հարց է նաեւ հարվահանաձեւ գեղձերի պահպանումը։ Եթե դրանք վնասվում կամ հեռացվում են վիրահատության ժամանակ, պացիենտները ստիպված են լինում մինչեւ կյանքի վերջ կալցիում պարունակող դեղամիջոցներ ընդունել։

«Հարվահանագեղձերը չորս բավականին զգայուն, փոքր օրգաններ են, տեղակայված են վահանաձեւ գեղձի շուրջ: Ու դրանց չդիպչեկը պահանջվում է հմտություն: Այո, պետք է շատ ուշադիր լինել ։ Քանի որ գիտենք բավականին բարդություններ, կապված վահանաձեւ գեղձի վիրահատության ժամանակկ  դրանց հեռացնելու կամ աննշան վնասելու հետ: Հետագայում դրանք չեն գործում, եւ մենք բախվում ենք կալցիումի պակասի՝ հարվահանագեղձերի հիպոֆունկցիայի պատճառով»,- նշեց բժիշկը։

Այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար կան նորագույն մոտեցումներ կան, եւ «Նաիրի» բժշկական կենտրոնում դրանք արդեն կիրառվում են։ Մասնավորապես, խոսքը ֆլուորեսցենտային ներկանյութի կիրառման մասին է, որը լուսարձակելով ցոյց է տալիս հարվահանագեղձերի տեղակայման վայրը։ Եվ այդ ժամանակ վիրաբույժը կարող է շրջանցել դրանք ՝ առանց վնասելու:

Վիրահատությունից հետո որոշ դեպքերում՝ քաղցկեղի հետագա տարածումը կանխելու նպատակով, պացիենտին կարող է նշանակվել յոդաթերապիա։ Այս թերապիան կիրառվում է նաեւ այլ օրգաններում վահանաձեւ գեղձի քաղցկեղի մետաստազների դեմ պայքարելու համար: Դրան զուգահեռ, կախված քաղցկեղի տեսակից, կարող է նշանակվել նբաեւ դեղորայքային բուժում՝ քիմիաթերապիա, թիրախային թերապիա կամ իմունաթերապիա ։

Ամեն դեպքում, ինչպես նշեց բժիշկը, վահանաձեւ գեղձի քաղցկեղը՝ ի տարբերություն մյուսների, չի կրճատում մարդու կյանքի տեւողությունը։

«Վահանաձեւ գեղձի դիֆերենցացված քաղցկեղը, այսինքն՝ պապիլյար եւ ֆոլիկուլյար տեսակները, այսօր համարվում են կառավարելի ուռուցքներ։ Եվ մենք չենք կարող ասել, որ այս հիվանդությունը կարող է բերել մահվան: Ինչպես ասում են մեր ամերիկացի գործընկերները, դա ուռուցքի կառավարելի, կյանքի որակի վրա շատ քիչ ազդող տեսակ է: Հմուտ ձեռքերում եւ հիվանդի ադեկվատ վերաբերմունքի դեպքում այս քաղցկեղը կարելի է հսկողության տակ պահել եւ շատ լավ արդյունքների հասնել»,-ասաց Արամ Բադալյանը։

Վահանաձեւ գեղձի քաղցկեղի կանխարգելման համար խորհուրդ է տրվում մի քանի տարին մեկ կատարել վահանաձեւ գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, իսկ վահանաձեւ գեղձի հետ կապված որեւէ խնդրի առկայության, որեւէ դիսֆունկցիայի դեպքում խորհուրդ է տրվում այն ստուգել ավելի հաճախ՝ տարին մեկ անգամ: