«Կրծքագեղձի քաղցկեղ» ախտորոշումը չափազանց տարածված իրականություն է ամբողջ աշխարհի կանանց համար: Օրինակ՝ ԱՄՆ-ում, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, կանանց մոտ տարեկան ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի 240 հազար դեպք, հայտնում է CNN-ը։
Թե՛ բուժաշխատողները և թե՛ հիվանդները հակված են շարունակելու բուժումը՝ հիվանդության առաջադիմումը կանխելու համար: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ պնդում են, որ միշտ չէ անհրաժեշտ ագրեսիվ բուժել կրծքագեղձի քաղցկեղը տարեց կանանց մոտ:
Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 70-ից 85 տարեկան մեծաթիվ ամերիկուհիների մոտ պոտենցիալ կերպով գերախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ և, հետևաբար, նրանք կարող են անհարկի բուժում ստանալ:
«Գերախտորոշումը վերաբերում է այն երևույթին, երբ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է սկրինինգի ժամանակ, որը երբեք կլինիկորեն ակնհայտ չէր դառնա», - ասում է բժշկուհի Իլանա Ռիչմանը՝ հետազոտության առաջատար հեղինակը և Յեյլի բժշկական դպրոցի բժշկության ամբիոնի դոցենտը:
«Մանրադիտակի տակ կրծքագեղձի քաղցկեղն իսկական քաղցկեղ է, բայց այն կարող է քնած մնալ մարդու մարմնում և ոչ մի ախտանիշ չառաջացնել», - ավելացրել է նա: «Մենք այդ մասին չէինք իմանա, եթե չսկսեինք որոնումները»։
Հետազոտությանը մասնակցել են 70 և ավելի բարձր տարիքի 54 635 կանայք, որոնք վերջերս էին հետազոտվել կրծքագեղձի քաղցկեղի համար: Ռիչմանը և նրա գործընկերները գնահատել են, որ 70-74 տարեկան կանանց 31%-ը պոտենցիալ գերախտորոշված է եղել: 75-84 տարեկան կանանց շրջանում պոտենցիալ գերախտորոշում է հայտնաբերվել 47%-ի մոտ:
85 տարեկան և ավելի բարձր տարիքի կանանց մոտ գերախտորոշման հավանականությունը կազմել է 54%:
Քաղցկեղի ամերիկյան միության տվյալներով, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության գագաթնակետը 70 տարեկան կանանց շրջանում է: Ռիսկը նվազում է կանանց 80 տարեկանից բարձր դառնալուն համընթաց, մասամբ «որովհետև կանայք չեն մահանում քաղցկեղից, այլ այլ հիվանդություններից, ինչպիսիք են սրտի հիվանդությունը կամ քաղցկեղի այլ տեսակները», - ասել է Ռիչմանը:
Արդյո՞ք տարեց կանայք պետք է հետազոտվեն կրծքագեղձի քաղցկեղի համար, դա անհատական որոշում է, ընդգծում է հետազոտողը, որի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրծքագեղձի քաղցկեղի գերախտորոշումն ավելի տարածված է դառնում, տարիքի մեծանալու և կյանքի տևողության կրճատմանը զուգընթաց:
Սքրինինգի ոլորտում այնպիսի ձեռքբերումների շնորհիվ, ինչպիսիք են 3D մամոգրաֆիան, ԿՏ-ն, ՄՌՏ-ն և ՊԵՏ-սկանավորումները, ավելացնում են կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված կանանց թիվը: Ջոնս Հոփքինսի համալսարանի ուռուցքաբան և համաճարակաբան, բժիշկ Օտիս Բրեյլիի հաղորդմամբ, տեխնոլոգիան հեշտացրել է ուռուցքաբանների համար նույնիսկ ամենափոքր քաղցկեղային ուռուցքների հայտնաբերումը:
Այնուամենայնիվ, Բրեյլին նշում է, որ կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակներ աճելու, տարածվելու կամ սպանելու հակում չունեն իրենց գենետիկական կառուցվածքի պատճառով, ուստի ագրեսիվ բուժումները, ինչպիսիք են վիրահատությունը, ճառագայթումը կամ քիմիաթերապիան, երբեմն կարող են անհարկի և նույնիսկ վնասակար լինել հիվանդի համար:
Նրա խոսքով, գերբուժումը ոչ միայն մեծացնում է բարդությունների վտանգը հատկապես տարեց հիվանդների մոտ, այլև կարող է առաջացնել ավելորդ սթրեսներ ու ֆինանսական խնդիրներ։
«Կա նաև ախտորոշման փորձը։ Սա ամենաճակատագրական փորձառություններից մեկն է։ Եթե մենք կարողանայինք ազատել կանանց այս փորձից, ինչի կարիքը նրանք չունեն, կարծում եմ, որ դա օգտակար կլիներ»,- ասում է բժիշկ Ռիչմանը:
Սակայն նա չի ցանկանում ասել, որ քաղցկեղի պակաս վտանգավոր տեսակները միշտ մնում են առանց բուժման։ Նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը և էստրոգեն-արգելափակող դեղամիջոցների օգտագործումը հաճախ կարող են բավականին արդյունավետ կերպով բուժել այդ քաղցկեղները՝ առանց հիվանդներին ճառագայթահարման կամ քիմիաթերապիայի ենթարկելու:
Մամոգրաֆիան և տարեց կանայք
ԱՄՆ-ի Կանխարգելիչ ծառայությունների նպատակային խմբի (USPSTF), անկախ բժշկական փորձագետների խմբի կարծիքով 75 տարեկանից բարձր կանանց մամոգրաֆիա անելու խորհուրդներ չեն տրվում: Այս տարիքային խմբի կանանց մոտ սկրինինգի ռիսկերն ու օգուտները որոշող ապացույցները «անբավարար են», կարծում է խումբը:
Մայիսին USPSTF-ն հրապարակեց ուղեցույցների նախագիծ, որը խրախուսում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը սկսել 40 տարեկանից: Այն նաև նշում է, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, թե արդյո՞ք 75 տարեկան և ավելի բարձր տարիքի կանայք պետք է հետազոտվեն կրծքագեղձի քաղցկեղի համար:
Համաձայն JAMA Internal Medicine-ում հրապարակված 2013-ի ուսումնասիրության՝ այս տարիքային խմբի մամոգրաֆիան բժշկական ծառայության դաշնային ծրագրին արժենում է տարեկան ավելի քան 410 միլիոն դոլար:
Եվ թեև քաղցկեղի զննումները սովորաբար համեմատաբար էժան են՝ մամոգրաֆիան արժե մոտ 100 դոլար, դրանք կարող են առաջացնել հետագա զննումների և բուժումների կասկադ, որոնք ավելացնում են բուժման ընդհանուր արժեքը:
Ռիչմանն ասում է, որ մամոգրաֆիայի վերաբերյալ առաջարկությունները մեծապես կախված են նաև նրանից, թե, ըստ կանխատեսումների, մարդուն ինչքան է մնացել ապրելու, ինչը դժվար է քանակապես գնահատել, և ինչը հիվանդների ու բժիշկների մեծ մասը չի ցանկանում քննարկել:
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ապագան
Մոտ ապագայում բժիշկները կկարողանան հետևել կրծքագեղձի «բարորակ» քաղցկեղն այնպես, ինչպես բուժում են ցածր ռիսկի շագանակագեղձի քաղցկեղը, ասել է Բրեյլին՝ հավելելով, որ փորձագետների գնահատմամբ՝ «շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի ավելի քան կեսը գերախտորոշման արդյունք է»:
«Առաջիկա 10 տարիների ընթացքում կլինեն կանայք, որոնց կասեն.Ձեզ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է, բայց կրծքագեղձի ամենաբարորակ տեսակներից մեկը, այնպես որ մենք կհետևենք ձեզ, այլ ոչ թե ագրեսիվ բուժում կիրականացնենք»,- ասում է բժիշկ Բրեյլին:
Ի վերջո, ըստ Բրեյլիի, գերախտորոշման խնդրի պատասխանը քաղցկեղի գենոմիկայի ուսումնասիրությունն է, կոնկրետ մարդու մոտ քաղցկեղի մոլեկուլային կենսաբանության վերլուծությունը։ Սակայն, այս տեխնոլոգիան դեռ չի կատարելագործվել:
«Սա կհանգեցնի «քաղցկեղ» հասկացության վերանայմանը: Այսօր օգտագործվող պաթոլոգիական սահմանումը ստեղծվել է 19-րդ դարի կեսերին՝ բիոպսիայի և լուսային մանրադիտակի օգտագործմամբ: Մենք պետք է անցնենք 21-րդ դարի սահմանմանը, որն ընդգրկում է ինչպես բիոպսիան, այնպես էլ պաթոլոգիական տեսակը և գենոմիկան,- ասում է Բրեյլին:- Քաղցկեղի 21-րդ դարի սահմանումը կընդունի, որ կրծքագեղձի քաղցկեղը մեկ գոյացություն չէ, այլ բազմաթիվ տարբեր հիվանդություններ՝ պոտենցիալ տարբեր վարքագծերով, որոնք պահանջում են տարբեր բուժում, իսկ երբեմն էլ՝ բուժման բացառում»:






