Երիտասադ տարիքում լավ սիրտ-շնչառական պատրաստությունը կապված է քաղցկեղի 9 տեսակների առաջացման հավանականության 40 տոկոսով նվազման հետ, համենայն դեպս՝ տղամարդկանց մոտ, վկայում է երկարաժամկետ ծավալուն հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Sports Medicine-ում։
Այս տեսակներից են գլխի եւ պարանոցի, կերակրափողի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, աղիների, երիկամների եւ թոքերի քաղցկեղները։
Սիրտ-շնչառական պատրաստվածություն ասելով նկատի է առնվում մարդու՝ աերոբային վարժություններ (ինչպիսին են վազքը, հեծանիվ վարելը, լողը երկար ժամանակով, աստիճան բարձրանալը) կատարելու ունակությունը։ Հայտնի է, որ այս ցուցանիշը կապված է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ավելի ցածր հավանականության հետ, բայց քաղցկեղի մի քանի տեսակների ուսումնասիրմանը նվիրված ծավալուն երկարաժամկետ հետազոտություններ չեն կատարվել։
Ուստի հետազոտողները հենվել են մինչեւ 2019թ. վերջի շվեդական ռեգիստրների տվյալների վրա, որոնք կենսագրական տեղեկություններ, բժշկական ախտորոշումներ եւ 1968-2005թթ. զինծառայություն անցած զինակոչիկների մահացության մասին տվյալներ են պարունակում։
Ծառայության սկզբում, 16-25 տարեկանում, նորակոչիկները զննումների ստանդարտ համալիր են անցել։ Դրանք են՝ հասակի, քաշի չափումը, զարկերակային ճնշումը, մկանային ուժը եւ սիրտ-շնչառական պատրաստվածությունը։
Ցածր պատրաստվածություն ունեցող նորակոչիկները մի փոքր ավելի հաճախ են ունեցել ճարպակալում, անամնեզում ունեցել են ալկոհոլիզմ եւ թմրամոլություն, ինչպես նաեւ ավելի ցածր կրթություն ունեցող ծնողներ, քան ֆիզիկական ավելի բարձր պատրաստվածություն ունեցող նորակոչիկները։
Ընդհանուր առմամբ, 365 874 նորակոչիկներ ունեցել են սիրտ-շնչառական պատրաստվածության ցածր մակարդակ, 519 652-ը՝ միջին եւ 340 952-ն՝ բարձր։
Վերջնական ուսումնասիրությունում ներառվել է ավելի քան 1 մլն տղամարդ (1 078 000), 84 117-ի մոտ (7 տոկոս) հետագայում քաղցկեղ է առաջացել գոնե մեկ օրգանում 33 տարվա դիտարկումների ընթացքում։
Ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակ ունեցող տղամարդկանց համեմատ զորակոչի պահին սիրտ-շնչառական պատրաստվածության ավելի բարձր մակարդակը ասոցիացվել է քաղցկեղի որոշակի տեսակների առաջացման ավելի ցածր հավանականության հետ։
5 տոկոսով ավելի ցածր է եղել ուղիղ աղիի քաղցկեղի առաջացման վտանգը (2 337), 12 տոկոսով ավելի ցածր է եղել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը (1 280), 18 տոկոսով՝ աղիների քաղցկեղինը (3 222), 19 տոկոսով՝ գլխի եւ պարանոցի քաղցկեղինը (2 738 տղամարդ), 20 տոկոսով երիկամների քաղցկեղինը (1 753), 21 տոկոսով՝ ստամոքսի քաղցկեղինը (902), 39 տոկոսով՝ կերակրափողի քաղցկեղինը (689), 40 տոկոսով՝ լյարդի քաղցկեղինը (1 111) եւ 42 տոկոսով՝ թոքի քաղցկեղինը (1 635)։
Սակայն սիրտ-շնչառական պատրաստվածության ավելի բարձր մակարդակը կապված է եղել նաեւ շագանակագեղձի քաղցկեղի 7 տոկոսով բարձր հավանականության հետ (17 232 տղամարդ) եւ մաշկի քաղցկեղի 31 տոկոս բարձր հավանականության հետ (23 064)։ Այս արդյունքները կարող են բացատրվել շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգով եւ արեւի լույսի ազդեցությամբ, կարծում են հետազոտողները։






