Շատերը բախվում են պզուկների խնդրին (սև կետեր, բշտիկներ)՝ սա մաշկի երկարատև բորբոքում է, որն առաջանում է մաշկի՝ մազի ֆոլիկուլների յուղով և մահացած բջիջներով խցանման պատճառով: Պզուկների առաջացման հիմնական պատճառներից մեկը բակտերիաների աճող տարածումն է, որը հայտնի է որպես Cutibacterium acnes: Բայց պարզվում է, որ այդ բակտերիաները ոչ միայն բացասական հետեւանքներ ունեն։ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե ինչպես են մաշկի միկրոֆլորան կազմող տարբեր բակտերիաներ ազդում այս գործընթացի վրա: Science Advances-ում հրապարակված զեկույցում նշվում է, որ այս բակտերիաները կարևոր դեր են խաղում ճարպային նյութերի սինթեզում։
Մաշկի մակերեսին արտազատվող ճարպերն ու լիպիդները մեծ նշանակություն ունեն դրա առողջության պահպանման և օրգանիզմը վարակներից պաշտպանելու համար։ Այս նյութերի սինթեզի խանգարումները կարող են առաջացնել տարբեր լուրջ հիվանդություններ, այդ թվում՝ էկզեմա և պսորիազ։
Փորձարկումներ են իրականացվել մարդու և մկան մաշկի բջիջների՝ կերատինոցիտների հետ, որոնք էպիդերմիսի վերին շերտի հիմնական բջիջներն են։ Բջիջներն աճեցվել են տարբեր տեսակի բակտերիաների առկայությամբ: Պարզվել է, որ կերատինոցիտների վիճակի և աճի վրա ամենամեծ ազդեցությունն են թողել C.acnes բակտերիաները։
Այս բակտերիաների ազդեցության տակ բջիջները սկսել են ավելի մեծ քանակությամբ ճարպային նյութեր արտադրել։ Սա ազդել է մաշկի համար օգտակար նյութերի լայն շրջանակի վրա՝ ճարպաթթուներից մինչև խոլեստերին և այլ միացություններ: Այս նյութերը ոչ միայն պահպանում են մաշկի խոնավացման մակարդակը և կատարում նրա պաշտպանիչ գործառույթը, այլև սահմանափակում են C. acnes-ի հետագա վերարտադրությունը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ C. acnes-ի ազդեցությունը կերատինոցիտների վրա կապված է նրանց կողմից պրոպիոնաթթվի արտադրության հետ: Եթե դուք արգելափակում եք դրա առաջացման համար պատասխանատու գենը, ապա բակտերիաները դադարում են խթանել մաշկի բջիջներում ճարպային նյութերի արտադրությունը։ Բացի այդ, գիտնականները կարծում են, որ պրոպիոնաթթվի առկայությունը կհավասարակշռի մաշկի թթվայնությունը, որն արգելակում է այլ բակտերիաների, այդ թվում՝ պաթոգեն ստաֆիլոկոկի աճը։






