Վիսքոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները աճեցրել են նեյրոններ մարդու ցողունային բջիջներից՝ օգտագործելով ACTIVIN-A հատուկ սպիտակուցը։ Այս մոդելը թույլ է տալիս հասկանալ Ալցհեյմերի հիանդության խորացման պատճառները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Nature ամսագրում։

Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի առավել տարածված ձեւն է։ Դա նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, ուղեկցվում է նյարդային բջիջների (նեյրոնների) խորացող դիսֆունկցիայով։ Նոր հետազոտությունը կենտրոնացել է գլխուղեղի կապույտ բծի LC-NE նեյրոնների  ուսումնասիրման վրա։ Դա ոչ մեծ միջուկ է, որը գտնվում է մարդու ուղեղի ցողունի խոր հատվածներում։

Այդ նեյրոնները կարգավորում են սրտի բաբախը, արյան ճնշումը, պատասխանատու են հիշողության, ուշադրության համար։ Ալցհեյմերի հիվանդության դեպքում դրանք սկսում են դեգեներացվել շատ վաղ փուլում, երբեմն մինչեւ ուղեղի այլ հատվածներում աշխատանքի խափանումների ի հայտ գալուց տարիներ հետո։

Գիտնականները փորձել են ստեղծել մոդել, որը կարող էր արդյունավետորեն արտացոլել կապույտ բծի նեյրոնների ակտիվությունը։ Ցողունային բջիջներից (որոնք կարող են վերածվել տարբեր օրգանների եւ հյուսվածքների բջիջների) այդ նեյրոնների ստեղծման նախորդ փորձերը անհաջող էին։ Հետազոտողները հայտնաբերել են, որ այդ մոդելի ստեղծմանը կարող է նպաստել ACTIVIN-A սպիտակուցի օգտագործումը։ Այն ակտիվորեն մասնակցում է նեյրոգենեզի՝ նոր գործող նեյրոնի  ձեւավորման պրոցեսին։

LC-NE արհեստական նեյրոնների ստեղծման համար հետազոտողները վերափոխել են մարդու հետին ուղեղի ցողունային բջիջները։ Այնուհետեւ նրանք օգտագործել են ACTIVIN-A-ն, որպեսզի աճեցված նեյրոնները կենսունակ դարձնեն։ Նոր նեյրոնները ցուցադրել են աքսոններ՝ ճյուղեր ձեւավորելու ունակություն, որոնցով նյարդային իմպուլսները բջջի մարմնից փոխանցվում են օրգաններին եւ այլ նյարդային բջիջների։

Գիտնականները բացատրել են, որ դրանց ստեղծումը կարող է մոդել ծառայել, որը կարտացոլի նեյրոդեգեներատւվ հիվանդությունների զարգացումը, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը։ Արհեստականորեն աճեցված բջիջները թույլ կտան նաեւ թեստավորել տարբեր դեղամիջոցների արդյունավետությունը։