Հավասարակշռված ընթրիքը, որն ընդունվում է ճիշտ ժամանակին, օգնում է պահպանել լավ կազմվածքը, իմունիտետը եւ վերականգնել ուժերն աշխատանքային օրվանից հետո։ Այս մասին հայտնել է բժիշկ-սննդաբան Իրինա Պիսարեւան։

Փորձագետի խոսքով՝ շատ կարեւոր է ընթրել ճիշտ ժամանակին, որպեսզի մարսողության պրոցեսը չխանգարի հանգստին, տեղեկացրել է «Вечерняя Москва» պորտալը։

Ընթրիքի ամենահարմար ժամանակը ժամը 18-19-նն է։ Կամ քնից 2-3 ժամ առաջ, որպեսզի ուտելիքը հասցնի մարսվել, իսկ օրգանիզմը հանգստանա գիշերը, բացատրել է սննդաբանը։

Ընդ որում՝ երեկոյան սննդաբաժինը պետք է թեթեւ լինի։ Ըստ Պիսարեւայի՝ ընթրիքին հարմար են արագ յուրացվող սպիտակուցից պատրաստված կերակուրները՝ ոչ յուղալի ձկնատեսակներ, հավ, հնդկահավ, ձու, ինչպես նաեւ թթու կաթնամթերքներ՝ կաթնաշոռ կամ յոգուրտ։ Իսկ արագ ածխաջրերը ավելի լավ է բացառել երեկոյան ճաշացանկից։

«Որպես հիմնական ճաշատեսակի խավարտ ավելի լավ է օգտագործել բանջարեղեն՝ որպես բջջանյութի աղբյուր։ Դրանք կարելի է ուտել ինչպես թարմ, այնպես էլ գրիլով պատրաստված վիճակում»,- նշել է բժիշկը։

Պիսարեւան խորհուրդ է տվել կերակրատեսակները լրացնել սեզոնային կանաչիներով եւ համեմունքներով։ «Դրանք կարող են լինել հազարի տերեւները, սամիթը, մաղադանոսը, ռեհանը։ Համեմունքները կերակրաբաժնում հատկապես կարեւոր են ձմռանը, դրանք ոչ միայն բացահայտում են կերակրի համը, այլեւ ամրացնում են իմունիտետը։ Դրանք են տաքդեղը, քրքումը կամ ծիտրոնը»,- ավելացրել է սննդաբանը։

Մասնագետի կարծիքով՝ արժե երեկոյան կերակրաբաժնում ներառել նաեւ ընտանեկան պատրաստուկները՝ թթու կաղամբ, կիմչհի։ Հարմար է նաեւ բնական յոգուրտով պատրաստված աղցանը։

Սննդաբաժնի չափը, ինչպես նշել է բժիշկը, չպետք է գերազանցի 250-300 գրամը, դրանցից 100-150 գրամը հատկացվում է բանջարեղեններին, մնացածը՝ սպիտակուցին։