Հայաստանում ամեն տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի ավելի քան 260 նոր դեպք, 2 օրը մեկ որեւէ կնոջ մոտ հայտնաբերվում է այդ հիվանդությունը, ընդ որում՝ հաճախ ուշ փուլում, եւ 3 օրը մեկ այդ հիվանդությունն սպանում է մեկ կնոջ։
ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի սեռական եւ վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմել է, որ աշխարհում արգանդի վզիկի քաղցկեղը նախկինի պես մնում է բավական տարածված հիվանդություն, չնայած, ի տարբերություն քաղցկեղի շատ այլ տեսակների, բավական հեշտ է ենթարկվում կանխարգելման։ Ամբողջ աշխարհում ամեն տարի ախտորոշում են այս հիվանդության ավելի քան 600 000 դեպքեր, ընդ որում՝ դրանց 56 տոկոսն ունենում է մահացու ելք. մահացության առումով արգանդի վզիկի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը կանանց օնկոլոգիական հիվանդությունների շարքում եւ զիջում է միայն կրծքագեղձի քաղցկեղին։
Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղը, ինչպես նշել է Բեգլարյանը, ավելի հաճախ հայտնաբերվում է 35-ից բարձր տարիքի կանանց մոտ, սակայն դեպքերի մեծ մասում այն կապված է մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) հետ, որով կինը վարակվում է շատ ավելի վաղ՝ ախտորոշումից առաջ առնվազն 10-15 տարվա ընթացքում։
«ՄՊՎ շտամները շատ շատ են եւ, իհարկե, բոլորը չէ, որ քաղցկեղածին են։ Բայց եթե քաղցկեղածին շտամներից մեկը պերսիստենտ է եւ երկար ժամանակ մնում է օրգանիզմում, 10-15 տարվա ընթացքում այն կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացման»,- նշել է ՄԱԿ ներկայացուցիչը։
3 պարզ քայլ
Նարինե Բեգլարյանի խոսքով՝ 3 բավական պարզ քայլ կարող է օգնել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանը.
- մինչեւ 15 տարեկան աղջիկների պատվաստումը ՄՊՎ-ի դեմ,
- ցերվիկալ սքրինինգները՝ Պապ-թեստերի եւ ՄՊՎ-թեստերի անցկացում,
- հայտնաբերված խնդիրների եւ նախաքաղցկեղային վիճակների արդյունավետ բուժում, որպեսզի թույլ չտրվի, որ դրանք վերածվեն քաղցկեղի։
Կարեւոր է նշել, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը եւ սքրինինգային շատ հետազոտություններ Հայաստանում անվճար են։ Քաղցկեղի բուժումը կատարվում է նաեւ պետպատվերով։ Իհարկե, նախաքաղցկեղային վիճակների բուժման համար այսօր վճարում է պացիենտը, բայց եթե պետությունը կարողանա դա էլ վերցնել իր վրա, որպեսզի պացիենտները չվախենան հսկայական ծախսերից, դա կարող է մեծ օգուտ բերել հանրային առողջապահության տեսակետից, չէ՞ որ ավելի հեշտ ու շահավետ է կանխել օնկոլոգիական հիվանդությունը, քան թե բուժել այն։
Նարինե Բեգլարյանը նաեւ նշել է, որ շատ վաղ փուլում արգանդի վզիկի քաղցկեղի արդյունավետ հայտնաբերման համար աշխարհն այսօր անցում է կատարում Պապ-թեստերից ՄՊՎ-թեստերի. Պապ-թեստի արդյունքը շատ բանով կախված է այն բանից, թե ինչպես է վերցվել կենսաբանական նյութը հետազոտության համար, ինչպես նաեւ ցիտոլոգի տեսածի մեկնաբանությունից։ Իսկ ՄՊՎ-թեստը, որն իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով, կարող է ավելի օբյեկտիվ պատկեր տալ այն մասին, թե կա արդյոք ՄՊՎ քաղցկեղածին շտամ պացիենտի մոտ։ Եթե կա, կոլպոսկոպիան, որի ժամանակ կարելի է կասկածների դեպքում բիոպսիա անել, կօգնի կողմնորոշվել ախտորոշման հարցում։
90-70-90
Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարտե Էվերարդը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշել է, որ մինչեւ 2030թ. արգանդի վզիկի քաղցկեղի՝ որպես խնդրի, վերացման համար հանրային առողջապահության ոլորտում ԱՀԿ-ն մշակել է «90-70-90» անունը կրող ռազմավարություն։
Ռազմավարությունը ենթադրում է.
- մինչեւ 15 տարեկան աղջիկների 90 տոկոսի պատվաստում,
- բարձրարդյունավետ սքրինինգի ներդրում 35 եւ 45 տարեկան կանանց համար, 70 տոկոս ծածկույթով
- նախաքաղցկեղային վիճակների եւ ինվազիվ քաղցկեղի 90 տոկոս արդյունավետ բուժման ապահովում։
Այս նպատակը, ինչպես նշել է Էվերարդը, բավական հավակնոտ է, բայց իրականում միանգամայն հասանելի է։
Արգանդի վզիկի քաղցկեղի մասին տեղեկության տարածման մեկամսյակի շրջանակում ՄԱԿ ազգաբնակչության հիմնադրամը Երեւանում կազմակերպել է կլոր սեղան՝ նվիրված այդ հիվանդությանը։ Մասնակցում են ոչ միայն առողջապահության կազմակերպիչները, այլեւ մանկաբարձ-գինեկոլոգներ, ցիտոլոգներ, կոլպոսկոպիստներ, օնկոլոգներ եւ այլ մասնագետներ, որոնք գործնականում բախվում են արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման եւ բուժման հետ։ Միջոցառման նպատակը, կազմակերպիչների խոսքով, հասկանալն է, թե մեր երկրում ինչպիսին է այսօր վիճակը, ինչ մարտահրավերներ կան եւ ինչպես կարելի է համատեղ ջանքերով իջեցնել այդ հիվանդության տարածման մակարդակը։






