Վազքով երկար տարիներ զբաղվելը կարող է իջեցնել մկանների ծերունական կորստի վտանգն ավելի քան ինն անգամ։ Այս մասին վկայում է հետազոտությունը, որը հրապարակվել է Frontiers in Sports and Active Living ամսագրում։

Գիտականորեն ապացուցված է, որ վազքով պարապելու ժամանակ քաշի առաջնային իջեցումից հետո նիհարելու արագությունը նվազում է, երբեմն  հասնում զրոյի։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վազքով երկար տարիներ զբաղվելը կարող է այլ օգուտ բերել. վազքի պարապմունքները պաշտպանում են քաշ եւ ճարպ հավաքելուց։

Հետազոտությանը մասնակցել է 20-39 տարեկան 109 երիտասարդ եւ 147 տարեց (70-89 տարեկան) վազորդ։ Նրանց համեմատել են ոչ մարզիկների հետ՝ 53 առողջ երիտասարդ եւ 94 առողջ տարեց մարդկանց հետ։ Բոլոր մասնակիցները տղամարդիկ էին։

Անկախ այն բանից, թե ինչ հեռավորություն են հաղթահարել տղամարդիկ, նրանց մարմնի զանգվածի ինդեքսը ավելի ցածր է եղել, քան սովորական մարդկանց մոտ։ Այս ցուցանիշը ներկայացնում է քաշը կիլոգրամներով՝ բաժանած աճի քառակուսու վրա մետրերով։ Այն թույլ է տալիս գնահատել մարմնի զանգվածի ավելցուկի կամ դեֆիցիտի առկայությունը։

Տարեց վազորդները ծերության հասակում էլ պահպանել են ցածր ճարպային զանգված, մոտ երիտասարդ գործընկերների մարմնի զանգվածին։ Սովորական տարեց տղամարդկանց 19 տոկոսի մոտ հայտնաբերվել է սարկոպենիկ ճարպակալում, այսինքն՝ ճարպային զանգվածի բարձր եւ մկանայինի ցածր տոկոս։ Սակայն տարեց վազորդների միայն 2 տոկոսի մոտ է եղել նույն խնդիրը։

Գիտնականները կարծում են, որ չնայած հետազոտությունն իրականացրել են տղամարդկանց ընդգրկմամբ, արդյունքները կարող են տարածվել նաեւ կանանց վրա։ Աշխատանքը չի ապացուցում պատճառահետեւանքային կապի առկայությունը։