Շվեդիայի Կարոլինայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիական ըմպելիքները կարող են ավելորդ քաշից ազատվելու լավ միջոց լինել։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է BMJ Medicine ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 10 հազար մարդու առողջության ցուցանիշները, որոնց մի մասը տառապել է երկրորդ տեսակի դիաբետից եւ ավելորդ քաշ է ունեցել։ Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական չորս գավաթ սուրճի օգտագործումն առանց կաթի եւ շաքարի դրական է ազդում մարմնի զանգվածի ինդեքսի վրա եւ նվազեցրել է երկրորդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը։ Հեղինակների խոսքով՝ դա կարող է հիմնավորված լինել նրանով, որ սուրճի մեջ կան բազմաթիվ միկրոտարրեր եւ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են մետաբոլիզմի համար։ Դրանց թվում են կալիումը, մագնիումը, նիացինը եւ այլն։

Գիտնականները կապ չեն հայտնաբերել կոֆեինի պարունակության եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականության միջեւ։ Սակայն ապագայում հեղինակները նախատեսում են էլի մի քանի հետազոտություններ կատարել՝ ավելի լայն ընտրանքով, որպեսզի հաստատեն ստացած արդյունքները։