Քեմբրիջի համալսարանի գիտնականները պատմել են, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը, առողջ քունը եւ սնունդը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ սոցիալական ակտիվությունը կարող են դեպրեսիայի կանխարգելիչներ լինել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր քսաներորդ չափահաս մարդը տառապում է դեպրեսիայով։ Այս հոգեկան խանգարումը արտահայտվում է տրամադրության կայուն անկմամբ եւ մտածողության խանգարումներով։

Մոտ 290 հազար մարդկանց տվյալների, որոնք վերցվել են Մեծ Բրիտանիայի Բիոբանկից, ուսումնասիրությունից հետո գիտնականներն առանձնացրել են դեպրեսիա ունեցող 13 հազար կամավորների։ Նրանց բոլորին հետեւել են ինը տարի՝ վարքի եւ կենսակերպի առանձնահատկությունները (դեպրեսիայով եւ առանց դրա) պարզելու համար։

Պարզվել է, որ որակյալ քունը իջեցնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը 22 տոկոսով։ Շփումը եւ ակտիվ սոցիալական կյանքը կրճատում է այդ խանգարման հավանականությունը 18 տոկոսով, ալկոհոլի չափավոր օգտագործումը՝ 11, ճիշտ սնունդը՝ 6, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը՝ 14, ծխելուց հրաժարվելը՝ 20, իսկ ակտիվ կենսակերպը՝ 13 տոկոսով։

Գիտնականները նաեւ նշել են, որ այս առողջ սովորությունների ամբողջությունը դրական ազդեցություն է թողնում գենետիկ պատճառներով դեպրեսիայի հակում ունեցող մարդկանց կյանքի վրա։

Հետազոտության հեղինակներն ավելացրել են, որ սովորաբար մարդիկ առողջ կենսակերպն ասոցիացնում են ֆիզիկական առողջության հետ։ Բայց տագնապի, դեպրեսիայի, սթրեսի կանխման եւ հոգեկան հավասարակշռության պահպանման համար առողջ սովորությունները նույնպես շատ կարեւոր են։