Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգում գործող ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներին հաջողվել է արհեստական առնանդամ աճեցնել՝ լաբորատոր ճագարների բջիջներից: Գիտնականները մտադիր են համարժեք փորձարկումը բնածին անոմալիաներով տառապող, վիրահատություն տարած կամ վնասվածք ստացած մարդկանց նկատմամբ իրականացնել:

News.com.au կայքի հաղորդմամբ, սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչության հավանությանը արժանանալու պարագայում առաջիկա հինգ տարիներին սեռական օրգանի առաջին փոխպատվաստումը կարող է տեղի ունենալ: Պրոֆեսոր Էնթոնի Աթալան, ով լաբորատոր ճագարների նկատմամբ՝ 2008թ-ին մեկնարկած փորձարկումներն է ղեկավարել, մինչ այժմ արձանագրված արդյունքները «միանգամայն հուսադրող» է որակում: «Սակայն, համարժեք փորձարկումների՝ մարդկանց նկատմամբ իրականացման թույլտվություն ստանալու համար հարկավոր է անվտանգությանն ու որակին առնչվող բոլոր տվյալները ներկայացնել, հարկավոր է ապացուցել, որ ոչ մի թունավոր նյութ չի օգտագործվում եւ քայլ առ քայլ արտադրական գործընթացը նկարագրել», - նշել է պրոֆեսորը:

Համաձայն տեղեկությունների, առնանդամները հիվանդի բջիջներից են աճեցվելու՝ փոխպատվաստումից հետո իմունոլոգիական մերժման ռիսկը բացառելու համար: Գիտնականների հավաստիացմամբ, սեռական օրգանից վերցված բջիջները 4-6 շաբաթ են պահանջում՝ նոր առնանդամի վերածվելու համար: