Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականների ղեկավարած գիտական կոլեկտիվը պարզել է, որ քաղցելը բարելավում է ներքին օրգանների աշխատանքը միայն երրորդ օրը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Հետազոտողները փորձ են կատարել 12 առողջ կամավորների մասնակցությամբ, որոնք յոթ օր, գիտնականների հսկողության տակ, ջրից բացի ոչինչ չեն օգտագործել։ Գիտնականները փորձում էին պարզել, թե ինչպես է քաղցելը ազդում մարդու օրգանների եւ համակարգերի աշխատանքի վրա մոլեկուլյար մակարդակում։
Պարզվել է, որ սնունդից լիակատար հրաժարումը սկսում է նպաստավոր ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա միայն երրորդ օրը։ Դա պարզ է դարձել օրգանների եւ հյուսվածքների սպիտակուցային կազմի փոփոխությունների ստուգման արդյունքում։ Մասնավորապես, սնունդից երկարատեւ հրաժարումը ոչ միայն թույլ է տալիս ազատվել ավելորդ քաշից, այլեւ դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության եւ բազմաթիվ օրգանների, այդ թվում լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի, գործունեության վրա։
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ որոշ սպիտակուցների խտության բարձրացումն օրգանիզմում վերաբերում է նաեւ գլխուղեղին։ Դրանց մի մասը նպաստում է նոր նեյրոնների կազմավորմանը հիպոկամպում, ինչը կապված է կոգնիտիվ ունակությունների բարելավման հետ։






