Երեխաներին պետք է տաք հագցնել, ճիշտ կերակրել, որպեսզի ցուրտ եղանակին վիրուսներն ու մրսածությունը նրանց շրջանցեն: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը:
«Երեխան պետք է այնքան տաք հագած լինի, որպեսզի իրեն հարմարավետ զգա, բայց չքրտնի»,- նշեց մանկաբույժը: Ինչ վերաբերում է վիտամիններին, ապա ըստ նրա մինչ օրս ապացուցված չէ, որ վիտամինները կարող են այնպես պաշտպանել երեխայի օրգանիզմը, որպեսզի նա չհիվանդանա:Վիտամնինները նշանակվում են բացառապես երեխայի օրգանիզմը ադապտացնելու համար:Երեխային վիրուսներից հեռու պահելու լավագույն միջոցը՝ նրան մեծ կոլեկտիվնեից հեռու պահելն է:Եթե երեխան մանկապարտեզ է գնում, ապա հասկանալի է, որ նա այնտեղ անընդհատ շփվում է վիրուսների հետ, եւ հիվանդությունն այս դեպքում անխուսափելի է:
«Ձմեռային տոն օրերին, ամանորյա ներկայացումների ժամանակ երեխաների հիվանդանալու ռիսկը բարձր է, հատկապես թույլ իմունային համակարգ ունեցողներինը»,- ընդգծեց Խաչատրյանը, ավելացնելով, որ վիտամին C-ն ի վիճակի չէ լիովին պաշտպանել օրգանիզմը եւ բարձրացնել իմունիտետը, չկա այդպիսի ապացուցողական հիմք:
Երեխաների հետ փորձեր անցկացնող բազմաթիվ գիտնականներ բացահայտել են, որ վիտամին C-ն չի օգնում պաշտպանվել գրիպից եւ մրսածությունից, եւ նրա ազդեցությունը այդքան էլ ուժեղ չէ, որքան թվում է:
Երեխաներին կարելի է ասկորբինաթթու տալ, բայց ավելի լավ կլինի, եթե երեխան վիտամինները ստանա սննդի միջոցով ողջ օրվա ընթացքում: Երեխայի օրգանիզմին պետք են ճարպեր, սպիտակուցներ եւ ածխաջրեր, ինչի մասին էլ պետք է հոգ տանեն ծնողները: «Հայերը հաճախ ածխաջրային սննդակարգին են հետեւում՝ մոռանալով սպիտակուցների մասին»,- նշեց մանկաբույժը, ավելացնելով, որ կանաչեղենը, մրգերը եւ բանջարեղենը երեխայի սննդակարգում պարտադիր են:
Սննդի հարստացման նպատակով երեխային կարելի է սինթետիկ վիտամիններ տալ, որոնք, այնուամենայնիվ, չեն պաշտպանում վիրուսներից: Երեխաներին պետք է մեծերից ավելի տաք հագցնել, ձեռքերը, ոտքերը եւ քիթը պետք է տաքության մեջ լինեն: Երեխայի հետ պետք է օրական նվազագույնը կես ժամ զբոսնել՝ նրան կոփելու համար: Ջերմաստիճանային հարմարավետությունն այդ ժամանակ պետք է ապահովված լինի, եթե հակառակը լինի, երեխան ավելի արագ կհիվանդանա:






