Հոգեկան բնույթ կրող խնդիրները ֆիզիկական հիվանդությունների, վերքերի եւ վնասվածքների հետ բնավ նմանություն չունեն՝ արտաքնապես անտեսանելի են եւ այնչափ աղոտ, որ երբեմն դժվար է հասկանալ՝ ունի՞ մարդը հոգեկան/հոգեբանական խնդիրներ, թե՞՝ ոչ:

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը մի քանի կարեւոր ախտանշաններ է ներկարացրել, որոնց օգնությամբ հնարավոր է հոգեկան կամ հոգեբանական խնդիրների առկայություն կասկածել:

• Փոփոխություններ՝ հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման ոլորտում: Քնի խանգարո՞ւմ եք նկատում: Սննդային վարքագծի փոփոխությո՞ւն: Դրանք կարող են հոգեկանի հետ կապված խնդիրների առաջացման մասին վկայել:

• Ինչպե՞ս է մարդը օբյեկտիվ խոչընդոտներին արձագանքում: Հոգեբանի խոսքով, հարցի պատասխանը կարող է մարդու հոգեկան/հոգեբանական վիճակի գնահատման միջոց ծառայել: Օրինակ՝ ինչպե՞ս է հանկարծակի սկսված անձրեւին վերաբերվում: Իհարկե՝ բոլորի մոտ էլ կարող է տրամադրության անկում նկատվել, սակայն չափազանց ուժեղ եւ էմոցիոնալ ռեակցիան այնքան էլ նորմալ չի դիտարկվում: Մեկ այլ օրինակ էլ ինքնաթիռի հետաձգված չվերթն է, ինչի արդյունքում առողջ մարդը կարող է մի փոքր նյարդայնանալ, սակայն որոշ ժամանակ անց հավաքվում է եւ հանգստանում: Իսկ եթե բարկությունը ժամերով չի անցնում եւ ոչ մի կերպ հանգստանալ չի հաջողվում՝ խոսքն արդեն մի շարք հոգեկան խնդիրներին հատուկ ախտանշանի մասին կարող է լինել:  

•  Ինչպե՞ս է մարդը կառուցողական, օբյեկտիվ քննադատությանը վերաբերվում: Հոգեկան խնդիրներ ունեղող մարդիկ ցանկացած տեսակի քննադատությանը, նույնիսկ երբ այն տեղին է եւ օբյեկտիվ, չափազանց կտրուկ են արձագանքում:

• Ինչպե՞ս է մարդը կյանքի դժվարություններն ու տարատեսակ խնդիրները հաղթահարում: Հոգեբանի խոսքով, դժվարություններն, այսպես թե այնպես, բոլոր մարդկանց կարող են բախվել, սակայն հոգեբանորեն առողջ մարդկանց հաջողվում է իրադրությանը համարժեք գնահատական գտնել, համեմատաբար կարճ ժամկետներում՝ հավաքվել եւ խնդրի հաղաթահարմանը հասնել: Իսկ ահա հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում ցանկացած մանրուք կարող է մեծ դժբախտություն թվալ, ինչի արդյունքում ի վիճակի են մի շարք խնդիրներ հարուցել ոչ միայն իրենց, այլ նաեւ՝ մերձավորների համար: 

• Հոգեբանորեն առողջ մարդը գոնե մեկ խմբում կարող է լավ զգալ իրեն: Օրինակ՝ կարող է լարված հարաբերություններ ունենալ գործընկերների հետ, բայց ընտանիքում ամեն ինչ կարգին լինի: Մինչդեռ երբ թե աշխատավայրում, թե տանը եւ թե ընկերների հետ հարաբերությունները լարված են, միանշանակ հոգեկան խնդիրների առկայության մասին խոսք կարող է գնալ:

Ի՞նչ անել՝ հոգեկան խնդիրների առկայության պարագայում

Բնականաբար, խորացումից խուսափելու համար, հարկ է մասնագետի օգնությանը դիմել: Բայց ինչպե՞ս: Եթե մարդը հասկանում է, որ խնդիրներ ունի, ամեն ինչ անհամեմատ հեշտ է՝ հարկավոր է միայն բացատրել, որ հոգեբանի կամ ընտանեկան բժշկի կարիքն ունի: Իսկ եթե չի ցանկանում խնդրի առկայությունը գիտակցել, կարելի է հոգեբանի հետ զրուցել. Վերջինս եղանակ կգտնի՝ հիվանդին խնդրի առկայության եւ օգնության անհրաժեշտության մասին միտքը հասու դարձնելու համար: