Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները նոր սպիտակուց են հայտնաբերել, որի օգնությամբ վիրուսը մարդու առողջ բջիջներ ներթափանցելու հնարավորություն է ձեռք բերում:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, ԱՄՆ-ում ամեն տարի ՄԻԱՎ-ով ախտորոշման 50 հազար նոր դեպք է գրանցվում: Ու թեեւ վերջին տասնամյակի ընթացքում ինֆեկցիայի բուժման մեթոդները զգալի առաջընթաց են ապրել, ինչի արդյունքում հիվանդների կյանքի տեւողությունը գրեթե առողջ մարդկանց նորմային է հավասարվել, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացության՝ 2013թ.-ին գրանցված դեպքերի թիվը (1,5 մլն) հաշվի առնելով, միանշանակ պարզ է դառնում, որ հիվանդության ուսումնասիրմանը միտված գիտահետազոտական աշխատանքների շրջանակում դեռեւս շատ անելիքներ կան:
Եվ ահա, ինչպես բոլորովին վերջերս իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, ՄԻԱՎ-ը, մարդու օրգանիզմ ներթափանցելիս, իմունային համակարգի եւ արյան խտության վրա բացասական ազդեցությամբ, եւ հատկապես ՝ առողջ բջիջները վիրուսի առջեւ «բացելու» հատկությամբ աչքի ընկնող՝ պլազմային բջիջների կլաստերի տեսք ունեցող սպիտակուցների օգնությանն է դիմում: Գիտնականները բավականին երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե ինչու հակամարմինները պայքարի որեւէ միջոց չեն ձեռնարկում դրանց դեմ, հաղորդում է Medical Daily-ն:
«Մեզ համար այլեւս պարզ է, թե ինչպես է ներթափանցման մեխանիզմն աշխատում: Ըստ էության, դա ոչնչով տարբեր չէ սովորական գրիպից կամ Էբոլայից», - մեկնաբանել է Յեյլի համալսարանի մանրէաբանական պաթոգենեզի ամբիոնի դոցենտ, Science ամսագրում նկարագրություն գտած հետազոտության համահեղինակ Վալտեր Մոթսը:
Առողջ բջիջներին միախառնվելու եւ այնուհետեւ էլ՝ վարակելու համար, հիշյալ սպիտակուցները պետք է «բաց վիճակում» գտնվեն: Սակայն այդ պարագայում կարող են խիստ խոցելի դառնալ՝ կենսաբանական անհավասարակշռության վերականգնման համար պատասխանատու հակամարմինների նկատմամբ: Ուստի եւ, բջիջ ներթափանցելիս շարունակում են «փակ վիճակում» մնալ եւ միայն կարճ ժամանակով՝ հարձակման համար «բացվել»: Զուգահեռաբար իրականացված մեկ այլ հետազոտության արդյունքում էլ պարզվել է, որ որոշ հակաբիոտիկների օգնությամբ հնարավոր է դրանց ընդհանրապես «բացվելու» հնարավորությունից զրկել:
Դոկտոր Մոթսի գնահատմամբ, բացահայտումը մեկ հսկայական քայլ առաջ է գրանցում՝ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների եւ պատվաստանյութերի մշակման տեսանկյունից:
Մարդու իմունային անբավարարության բուժման եւս մեկ առաջընթաց 2013թ.-ին՝ ԱՄՆ Միսիսիպի նահանգում է գրանցվել, որտեղ բժիշկներին հաջողվել էր լույս աշխարհ գալուց հետո ժամեր անց երկու վարակակիր երեխաների, ինչպես իրենք՝ մասնագետներն են անվանում, «գործառնական բուժում» իրականացնել, ինչի արդյունքում վիրուսը վերջնականապես չի անհետանում, բայց եւ դադարում է ախտանշաններ դրսեւորել:






