Իսրայելցի գիտնականները պարզել են, որ տրամադրության և քնի հիմնական խանգարումները բացասաբար են ազդում ասթմայի վերահսկման վրա: Ստացված տվյալները վկայում են ասթմա ունեցող մարդկանց շրջանում անքնության, դեպրեսիայի և քնի օստրուկտիվ ապնոէ խանգարման միջև էական կապի մասին: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Asthma ամսագրում:

Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները հետահայաց վերլուծություն են անցկացրել 659 չափահաս հիվանդների շրջանում, որոնք ներգրավված են եղել National Jewish Health-ի երկարաժամկետ հետազոտության մեջ: Բրոնխիալ ասթմայով հիվանդները գնահատվել են՝ քնի ուղեկցող օբստրուկտիվ խանգարումների, տրամադրության խանգարումների, ասթմայի սրացման հաճախականության և ասթմայի վերահսկման թեստի (ACT) առկայության հիման վրա: Հետազոտությունը ցույց է տվել, որ անքնությամբ տառապող ասթմատիկ հիվանդների մոտ տրամադրության խանգարումների դեպքերի զգալի աճ է գրանցվել՝ համեմատած քնի հետ խնդիրներ չունեցողների հետ:

Քնի վատ որակը հաճախ է զուգորդվում ասթմայի հետ, հատկապես նրանց մոտ, ովքեր ընդհանուր առմամբ վատ են վերահսկում ասթման: Անքնությունը հաճախ նաև համակցվում է դեպրեսիայի հետ։ Նախորդ հետազոտություններում ուսումնասիրվել է քնի խանգարումների և ասթմայի վերահսկման միջև կապը: Սակայն այս վիճակների և տրամադրության խանգարումների միջև կապը լավ ուսումնասիրված չի եղել:

Ստացված տվյալները վերլուծելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ անքնություն չունեցող հիվանդների համեմատ, անքնությամբ տառապող հիվանդների մոտ ավելի հաճախ է ախտորոշվել քնի օբստրուկտիվ ապնոէ, ինչպես նաև դեպրեսիա կամ տագնապ: Անքնություն ունեցող հիվանդների շրջանում տարվա ընթացքում բրոնխիալ ասթմայի սրացումների միջին թիվն ավելի բարձր է եղել, քան անքնություն չունեցողների մոտ: