Կոլումբիական համալսարանի գիտնականները, ովքեր բացահայտել են, որ ատամի խոզանակով ատամների կանոնավոր խնամքը եւ ատամնաբույժի պարբերական այցելություններն օգնում են կանխարգելել սրտի հիվանդությունները, պնդում են, որ ատամների խնամքը կարող է հանդիսանալ նաեւ սրտի խնամք:
Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տվել, որ, եթե լնդերի վիճակը բարելավվում է, ապա սրտի հիվանդությունների պատճառներից մեկի՝ աթերոսկլերոզի խորացումը նույնպես դանդաղում է եւ հասնում կլինիկապես նշանակալի մակարդակի:
«Սա շատ կարեւոր է, քանի որ աթերոսկլերոզը խորանում է պերիոդոնտիտին եւ լնդերում մանրէների ակտիվությանը զուգահեռ, ինչի պատճառով էլ այս օրգանների փոփոխությունները կարող են կարեւոր դեր խաղալ մեկի կամ մյուսի կանխարգելման կամ ընթացքի դանդաղեցման գործում»,- the Journal of the American Heart Association ամսագրին է հաղորդել հետազոտության առաջատար հեղինակ Մոիզ Դեսվարոն (Moïse Desvarieux):
Հետազոտության համար գիտնականները ընտրեցին Մանհեթենի 420 բնակիչ, որոնց ուլտրաձայնի կիրառմամբ հետազոտել են պերիդոնտալ վարակների եւ քնային զարկերակներում աթերոսկլերոզի նշաններ հայտնաբերելու համար: Երեք տարուց հետազոտողները նկատել են, որ լնդերի վիճակի բարելավումը եւ լնդերի հիվանդությունների հետ կապված սպեցիֆիկ մանրէների քանակության նվազումը կորելացվում է անոթային հիվանդությունների բարելավման հետ, հաղորդում է News Max-ը:
«Մեր հետազոտությունները հստակ կապ են ցույց տալիս բերանի խոռոչում տեղի ունեցող փոփոխությունների եւ քնային զարկերակների պատի հաստացումների միջեւ»,- հայտարարել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ատամնաբույժ Փանոս Պապանոուն:






